Դեպի Իրան ամերիկյան ռազմական խոշոր նավատորմ է ուղեւորվում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ դեպի Իրանի ուղղությամբ շարժվում է ամերիկյան «արմադան» եւ «հսկայական նավատորմը»։

Այս հայտարարությունը նա լրագրողներին արել է նախագահական ինքնաթիռում` Դավոսի Համաշխահային տնտեսական ֆորումից վերադառնալու ճանապարհին։

«Մեծ ուժեր ենք ուղղում դեպի Իրան… Հնարավոր է՝ մեզ պետք չգա դրանք օգտագործել»,- ասել է նա։

Անցած շաբաթ Թրամփը հրաժարվել էր Իրանի դեմ հարվածների սպառնալիքից, երբ, ըստ AFP գործակալության, Սպիտակ տունը հայտարարեց, որ Թեհրանը կասեցրել է ցուցարարների նկատմամբ նախատեսված մահապատիժները։

Միեւնույն ժամանակ` ԱՄՆ Պետդեպարտամենտի պարսկերենով պաշտոնական էջը նախօրեին հաղորդել էր, որ իրանցի զինվոր Ջավիդ Խալեսը դատապարտվել է մահապատժի՝ ցուցարարների վրա կրակելուց հրաժարվելու համար։

Չորեքշաբթի Իրանի իշխանությունները առաջին անգամ պաշտոնապես հայտնել են, որ  անցյալ տարեվերջին զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ։

Իրանական վարչակարգին ընդդիմադիր Iran Wire թերթը գրել է, որ Իսլամական Հանրապետության նախկին պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ Իրանում զանգվածային բողոքը ճնշելու գործողությունը ղեկավարել է Բարձրագույն պաշտպանության խորհրդի քարտուղարը Ալի Լարիջանին։

Ըստ նրա`հենց այդ միջոցով Լարիջանին ամրապնդել է իր դիրքերը Իրանի իշխանական համակարգում։

Նա ծրագրել է լայնածավալ բարեփոխումներ իրականացնել։ Iran Wire-ը հերքում է նախկին նախագահ Հասան Ռոհանիի եւ նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի ձերբակալության մասին լուրերը։ Ընդհակառակը, նրանք ակտիվորեն համագործակցում են Լարիջանիի հետ, օգնում ներքին բարեփոխումների նախապատրաստմանն ու Արեւմուտքի հետ երկխոսությանը, հայտնել է ընդդիմադիր թերթը։

Իրանում տեղի ունեցածն արդեն համեմատվում է 1989 թվականին Չինաստանում Տյանանմենի հրապարակում իրականացված գործողությունների հետ, իսկ Լարիջանիին անվանում են «իրանական Դեն Սյաոպին»` «չինական հրաշքի» հեղինակի անունով։

Leave a Comment