Թրամփի ուզածը «մի սառույցի կտոր է» — Հայաստանի Հանրային Ռադիո

«Կանադան ապրում է Ամերիկայի շնորհիվ»

ԱՄՆ նախագահը շարունակում է իրարամերժ հայտարարություններով, սպառնալիքներ հնչեցնելով և հաջորդ օրը դրանք վերանայելով զարմացնել բոլորին:

Երեկ Դավոսում նա ասել է, որ հրաժարվում է Գրենլանդիայի խնդրում Սպիտակ տան պահանջները մերժող ութ եվրոպական երկրների նկատմամբ մաքսատուրքերն ավելացնելու պահանջից: Նրա խոսքով, Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի հետ հիմա քննարկում է Արկտիկան պաշտպանելու ապագա պայմանագիրը և դա ընձեռել է տարաձայնությունները մեղմելու հնարավորություն:

Գրենլանդիայի կարևորությունը, ըստ Թրամփի նախևառաջ պայմանավորվում է անվտանգությունը խթանելու անհրաժեշտությամբ: Նա ասել է, որ Գրենլանդիայի վերաբերյալ լրացուցիչ քննարկումներ են ընթանում «Ոսկե գմբեթ» հրթիռային պաշտպանության ծրագրի առնչությամբ:

Դա բազմաշերտ պաշտպանական համակարգ է, որը թույլ կտա առաջին անգամ ամերիկյան զենք տեղակայել տիեզերքում։ Դրա գինը՝ 175 միլիարդ դոլար է:

Ըստ Թրամփի, Գրենլանդիային անհրաժեշտ է ազգային անվտանգության և Արկտիկայի տարածաշրջանում Ռուսաստանից ու Չինաստանից բխող սպառնալիքներին դիմակայելու համար: Ընդ որում առաջին շահառուն հյուսիսային հարևան Կանադան կլինի:

«Մենք Դանիայից ուզում ենք միայն այս հողը, որի վրա կառուցելու ենք ամենամեծ «Ոսկե գմբեթը» և հեռու ենք պահելու մեր շատ եռանդուն և ագրեսիվ հնարավոր թշնամիներին: «Ոսկե գմբեթը» պաշտպանելու է Կանադան։ Ի դեպ, Կանադան մեզանից շատ անվճար բաներ է ստանում։ Նրանք նույնպես պետք է շնորհակալ լինեն, բայց ոչ։ Ես երեկ տեսա ձեր վարչապետին։ Նա բնավ երախտապարտ մարդու տպավորություն չթողեց: Բայց կանադացիները պետք է շնորհակալ լինեն։ Կանադան ապրում է Միացյալ Նահանգների շնորհիվ։ Հիշե՛ք դա, (վարչապետ) Մարկ Քարնի հաջորդ անգամ հայտարարություններ անելիս»,-ասել է Թրամփը։

Այն անհարմար պահը, երբ Գրենլանդիան դարձավ Իսլանդիա

Իր երեկվա մեկնաբանություններում ԱՄՆ նախագահն առնվազն չորս անգամ «Գրենլանդիայի» փոխարեն ասել է «Իսլանդիա»: Ավելին, նա Գրենլանդիան սառույցի կտոր է անվանել:

«Հիմա այն ինչ խնդրում եմ՝ սառույցի մի կտոր է: Սառը, շատ վատ տեղում գտնվող կտոր, որը կարող է կենսական դեր խաղալ աշխարհի խաղաղության և աշխարհի պաշտպանության գործում: Սա շատ փոքր պահանջ է՝ համեմատած այն ամենի հետ, ինչ մենք տվել ենք նրանց շատ, շատ տասնամյակներ շարունակ»,- ասել է Թրամփը։

Դավոսում Թրամփը Եվրոպային փաստորեն ասել է. «Մենք ուզում ենք սառույցի մի կտոր աշխարհի պաշտպանության համար, կարող եք ասել «այո», և մենք երախտապարտ կլինենք, կամ կարող եք ասել «ոչ», և մենք կհիշենք»։

Ռյուտեն գոհ է Թրամփի հետ քննարկումներից

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն զգուշավոր լավատեսությամբ է խոսել Թրամփի հետ քննարկման մասին և նկատել է տվել, որ ԱՄՆ նախագահը և եվրոպացի լիդերները կարևորում են համագործակցությունն Արկտիկայի շրջանում:

«Մենք երկուսս էլ համաձայնության ենք եկել այն հարցում, թե ինչ կարող է ՆԱՏՕ-ն անել ամբողջ Արկտիկայի տարածաշրջանի, այդ թվում՝ Գրենլանդիայի անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Ռյուտեն։

Գրենլանդացիներին վիրավորել է «սառույցի կտորի» դրվագը

Դե իսկ բուն Գրենլանդիայում շատերին վիրավորել են կղզին Իսլանդիայի հետ շփոթելու և այն սառույցի կտորի հետ համեմատելու փաստը: Այդ մասին է ասել Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկի բնակիչ Ջոնի Հեդերմանը:

«Հիասթափեցնող է այն, որ նա Գրենլանդիան և նրա ժողովրդին համեմատում է սառույցի կտորի հետ, դա վիրավորական է»,- ասել է Հեդերմանը:

«Թրամփին Նյու Յորքի փաստաբաններն են մեծացրել»

Դանիայում էլ են հետևում Թրամփի մեկնաբանություններին: Պոլ-Բյորն Ստրանդը վրդովված է:

«Նախ, ես չեմ վստահում պարոն Թրամփի ասածներին։ Կարծում եմ, որ նրա ասածների պատճառն այն է, որ նրան Նյու Յորքի փաստաբաններն են մեծացրել և սովորեցերել են, որ երբ հրում ես մարդկանց՝ նրանք սկսում են շարժվել։ Եթե տեղից չեն շարժվում՝ ավելի ուժեղ ես հրում»,- ասել է Ստրանդը։

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսնը վերստին հայտարարել է, որ իր երկիրը բացառում է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության թեմայի քննարկումը:

Leave a Comment