Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է վերածվի էներգակախյալ երկրի․ փորձագետ

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը X-ում գրում է, որ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ և քննարկել ԵՄ-ի աջակցությունը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի իրականացման գործին։ Նա նշում է, որ համաձայնել են ակտիվացնելու աշխատանքը Եվրոպայի և Հարավային Կովկասի առևտրային կապերը ամրապնդելու ուղղությամբ։ Անցած տարվա դեկտեմբերին Կոսը լրագրողներին ասել էր, որ Տաշքենդում 500 մլն եվրո արժողությամբ մի ծրագիր է ստորագրվել, որի նպատակն է թուլացել Հայաստանի էներգետիկ կախվածությունը ՌԴ-ից։ Այսօր հայ փորձագետները վերլուծում են Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միացնելու մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը։

Հայաստանի համար կարևոր է էներգիա արտահանող երկիր լինելը` «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է էներգետիկ հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանը, պարզաբանելով նախօրեին ՀՀ վարչապետի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միացնելու մասին։

«Ես ինքս, կողմ լինելով տարածաշրջանային ապաշրջափակման մոտեցմանը, պետք է ասեմ, որ հարկ է մի դետալ հաշվի առնել, որ հզորությունների իմաստով, էլեկտրահաղորդման գծերի կառուցման իմաստով Հայաստանը շարունակի իր այն քաղաքականությունը, որը անկախությունից ի վեր վարել է, այսինքն՝ էլեկտրաէներգիայի արտադրությանը և ինքնաբավությանը և արտահանմանը միտված տնտեսության կառուցմանը։ Այդ պարագայում ռիսկերը զգալիորեն կնվազեն։

Իմ ասածը նշանակում է, որ ավելի շատ պետք արտահանի։ Իմ ասածը նշանակում է, որ Հայաստանը ներկայումս տարածաշրջանում միակ պետությունն է, որը գործող ատոմակայան ունի և պետք է որևէ պարագայում, որևէ անգամ չհրաժարվի ատոմային կայան ունեցող պետություն լինելուց։ Գիտեք, որ գործող ատոմակայանը մի օր պետք է կոնսերվացվի և նորը պետք է շահագործվի։ Բացի այդ էլ, հզոր և կուտակիչ կայանների հետ կապված և ներդրողների, գործընկերների հետ բանակցություններում պետք է վարվեն այնպիսի բանակցություններ, որպեսզի Հայաստանը ոչ միայն ենթակառուցվածքային, այլ ընդհանուր էներգետիկ համակարգը կոմպլեքս համալիր դիտարկվի, այսինքն` արտադրություն և արտահանում»։

Պետք է առաջնահերթ դիտարկել ՀՀ տնտեսությունը կախվածության մեջ չդնելու հանգամանքը՝ ասում է փորձագետը։ Նա բացատրում է՝ որքան ավելի շատ արտահանենք ու վաճառենք էլեկտրաէներգիա, այնքան ավելի շատ մուտքեր կլինեն բյուջե։ Ըստ այդմ ՝Հայաստանը հարկավոր է դիտարկել ավելի շատ որպես էներգիա արտահանող երկիր, առավել ևս, որ ունենք ատոմակայան։

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փորձել էր մանրամասներ ճշտել հունվարի 14-ին Վաշինգտոնում ընդունված հայտարարության մասին, որով հստակեցվում էր հայ-ամերիկյան TRIPP նախագծի իրականացման շրջանակն ու մանրամասները: Մասնավորապես՝ նա ՀՀ վարչապետին հարցրել էր՝ այն էներգետիկ ենթակառուցվածքները, որոնք կառուցվելու են, արդյոք միանալու են Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին, և արդյոք Հայաստանն էլ Ադրբեջանի տարածքով հնարավորություն է ունենալու  համարժեք ենթակառուցվածքներից օգտվելու։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասել էր․

«Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար։ Եվ փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից»:

ՀՀ վարչապետի պատասխանին հաջորդել են մեկնաբանություններ ու վերլուծություններ։

Էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը, վերլուծելով վարչապետի այս հայտարարությունը, սոցցանցում գրում է, որ TRIPP-ի իրագործումը սպառնալիք է Հայաստանի էներգետիկ անվտանգության համար։ Ըստ նրա՝ այդ երթուղու ներքո կյանքի է կոչվելու Ջաբրաիլ-Նախիջևան էներգետիկ հանգույցի նախագիծը, որը էլեկտրաէներգիա է մատակարարելու ադրբեջանական էքսկլավ, ապա նաև Թուրքիայով Եվրոպա։

«ԵՄ-ն դա կանվանի դիվերսիֆիկացում, սակայն փաստացիորեն դա կլինի Բրյուսելի վրա Վաշինգտոնի ազդեցության հերթական գործիք»։

Դեռ 2025-ի դեկտեմբերի սկզբին Բրյուսելում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը լրագրողներին տեղեկացրել էր, որ ԵՄ-ն նախատեսում է Հայաստանի հետ ավելի ուժեղ անվտանգային գործակցություն։ Դրա շրջանակում  Տաշքենդում «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել։ Ծրագրի արժեքը 500 մլն եվրո է։ Այն ենթադրում է ներդրումներ՝ Հայաստանի էլեկտրացանցը վրացականի հետ միացնելու համար։ Կոսը ասել էր նաև, որ աշխատում են Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի ուղղությամբ, որպեսզի ավելի քիչ լինի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:

Էներգետիկ հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյան․

«Ես ուղղակի մի բան կարող եմ ասել, որ պետք է հասկանալ, թե էս ամենն ինչի համար է արվում։ Օբյեկտիվ լինենք՝ մենք պետք է սպասարկենք Հայաստանի շահը որպես մասնագետներ, Արևմտյան պետությունների համար կարևոր է ոչ թե Հայաստանի, Ադրբեջանի կամ մի երրորդ պետության շահը, այլ իրենց համար անհրաժեշտ է, որպեսզի Կենտրոնական Ասիայի երկրներից էներգետիկ ռեսուրսները հնարավոր լինի տեղափոխել դեպի Արևմտյան Եվրոպայի երկրներ։ Երկարաժամկետ հեռանկարում դա է նպատակը»։

Վերականգնվող էներգիայի ոչ մի աղբյուր չի կարող ավելի մեծ, երկարաժամկետ և կայուն էներգետիկ անվտանգություն ապահովել, քան ատոմային կայանը, պարզաբանում է փորձագետը՝ շեշտելով էներգետիկ ճգնաժամից ապահովագրված լինելու կարևորությունը։

Leave a Comment