Քրեակատարողական հիմնարկներում ՄԻՊ գրասենյակն ավելի շատ խնդիրներ է բացահայտել և դրանք ներկայացրել հրապարակային զեկույցներում, քան այն մասնավոր դեպքերն են, որոնք դառնում են հանրային քննարկման առարկա, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է մարդու իրավունքների պաշտպանը։ Անահիտ Մանասյանը նշել է, որ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց իրավունքների պաշտպանության գործընթացում կարևոր է լսել բոլոր կողմերին։ ՄԻՊ-ն այդ մասին խոսել է՝ արձագանքելով լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են քրեակատարողական հիմնարկում գտնվող Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակին։
Մարդու իրավունքների պաշտպանը թեև չի այցելել Նարեկ Սամսոնյանին, բայց միջամտել ու պահանջել է հարցի անհապաղ ուսումնասիրություն՝ ասում է Անահիտ Մանասյանը՝ արձագանքելով կալանավայրում հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի մասին հարցին:
«Երբ մենք խոսում ենք քաղաքացու կամ փաստաբանների ներկայացրած տեղեկության մասին, շատ կարևոր է նաև երկրորդ կողմին լսելը՝ հետագա բոլոր եզրահանգումներն անելու համար»։
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ Սամսոնյանն արդեն 14-րդ օրն է, ինչ շարունակում է հացադուլը, նրա առողջական վիճակը վատթարանում է։ Օրվա երկրորդ կեսին արդեն Մելիքյանը նոր հրապարակմամբ տեղեկացրեց, որ Նարեկ Սամսոնյանը բժշկի ցուցումով դադարեցրել է հացադուլը, և վերջինիս տեղափոխել են իր նախընտրած հիվանդանոց՝ Իզմիրլյան բժշկական կենտրոն։
«Հացադուլի 14-րդ օրն է, շատ ավելի վատ էր արտաքինից, հյուծված։ Նա ասաց, որ բժշկի հետ խոսել է, որի ժամանակ բժիշկն ասել է իր հիվանդության և հացադուլի՝ դրա վրա ազդեցության բոլոր հետևանքները և ցուցել է անհապաղ հոսպիտալացնել։ Այս ամենը հաշվի առնելով՝ նա դադարեցրել է հացադուլը»։
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակը ձերբակալվել է նոյեմբերի 13-ին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա՝ խուլիգանության հոդվածով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարաձգել էր կալանքի ժամկետը։ Դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ սկսելու մասին, իր ձևակերպմամբ, խայտառակ դատավարությունը դադարեցնելու պահանջով։
Պաշտպաններն այս ընթացքում պարբերաբար ահազանգել են, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից որևէ ներկայացուցիչ չի տեսակցել Սամսոնյանին։
Պատասխանելով հարցին, թե ինչու չեն այցելել, Անահիտ Մանասյանը մանրամասնում է՝ այցերի նպատակը տեղեկություն ձեռք բերելն է:
«2025 թվականին, օրինակ, Հայաստանում հացադուլ է հայտարարել շուրջ 200 անձ, հիմա ՄԻՊ ազգային հաստատությունների գործունեության մեթոդաբանությունն այն է, որ այցեր կատարվեն բացառապես այն դեպքերում, երբ անհրաժեշտ է ՄԻՊ-ի լիազորություններին վերաբերելի տեղեկատվություն ձեռք բերելու համար: Օրինակ՝ անձը բողոքում է և ասում, որ ինքը բռնության է ենթարկվում ու խնդրում է մեզ գաղտնի եղանակով ասել այն, ինչ ուզում է, մենք միջամտենք իր իրավունքների իրացմանը. այս դեպքերում քաղաքացիներին այցելում են: Սեփական նախաձեռնությամբ այցեր իրականացնում ենք դարձյալ այն դեպքերում, երբ կարիք է լինում տեղեկություններ ձեռք բերելու»:
Հացադուլն անձի իրավունքն է՝ հիշեցնում է Մանասյանը և նկատում՝ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները պարբերաբար լինում են քրեակատարողական հիմնարկներում, արձանագրում խնդիրներն ու դրանք հասցեագրում պետական կառույցներին։ Մանասյանն ընդունում է, որ քրեակատարողական բժշկության համակարգում արմատական փոփոխության կարիք կա։ Ասում է՝ ամենաշատն այս մասին հենց ՄԻՊ գրասենյակն է բարձրաձայնել։
Անդրադառնալով լրագրողների գործունեության սահմանափակումներին, մասնավորապես վերջերս խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին, երբ պետական պահպանության ծառայության աշխատակիցները երկու լրագրողի հեռացրել էին խորհրդարանից, Մանասյանը նշում է, որ տվյալ դեպքով դատաքննություն է ընթանում, ուստի կարծիք չի հայտնում։ Սակայն ընդունում է, որ այս դաշտում էլ խնդիրներ կան։
«Այս մասին ես բազմիցս եմ խոսել, որ Հայաստանում անշուշտ կան խնդիրներ, որովհետև, այո՛, այնպես չէ, որ բացառված է խոսքի համար քրեական պատասխանատվությունը, բայց նաև պետությունը պետք է հստակորեն ցույց տա, թե ինչով է խոսքի այդ տեսակը հատել այն սահմանը, որ այդպես ծանր է դիտարկվել»։
ՄԻՊ-ի համոզմամբ՝ Հայաստանում դեռևս գոյություն ունի հայեցողական արդարադատություն և ոլորտային լիազորություններ ունեցող իրավապահ մարմինները պետք է հստակորեն սահմանեն այն չափորոշիչները, որով մի դեպքում հրապարակային խոսքը քրեական պատասխանատվության առիթ է դառնում, մեկ այլ դեպքում այդպիսին չի համարվում։