Ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունն ընթացել է հարթ, առանց բարդությունների, հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ Խաչատրյանը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Վիճակը, ըստ նախարարի, գնահատվում է կայուն, կրած վիրահատության ծավալին համապատասխան։
Խաչատրյանը հունվարի 14-ին Հայաստան վերադարձած 4 գերիների թվում էր։ Ադրբեջանը Հայաստանին էր վերադարձրել նաև Գևորգ Սուջյանին, Դավիթ Դավթյանին, Վիգեն Էուլջեքչյանին։
Արցախի բնակիչ Խաչատրյանը գերեվարվել էր 2023 թվականի հուլիսի 29-ին՝ Հակարիի կամրջի մոտ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ շրջափակման մեջ գտնվող Արցախից Հայաստան տեղափոխվելիս: Նա անցնում էր 1991 թվականի դեկտեմբերի 22-ի ենթադրյալ «ցեղասպանության» գործով:
Ադրբեջանում մինչ այս պահվում էր 23 հայ գերի, 4 գերիների վերադարձից հետո այժմ նրանց թիվը 19 է։ Գերիների թվում են Արցախի ռազմաքաղաքական առաջնորդները, որոնց դատավարություններն սկսվել էին 2025-ի հունվարի 17-ին։
