Մոտենում է համաշխարհային «ջրային սնանկության» դարաշրջանը. ՄԱԿ-ը զգուշացնում է

Քաղաքականություն

21.01.2026 | 23:13

ՄԱԿ-ը զգուշացնում է, որ մոտենում է գլոբալ «ջրային սնանկության» դարաշրջանը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Այլևս բավարար չէ խոսել ճգնաժամի մասին»,- հայտարարել է ՄԱԿ-ի Ջրի, շրջակա միջավայրի և առողջության ինստիտուտի ղեկավար Քավեհ Մադանին։

Նրա զեկույցում նշվում է, որ իրավիճակն անշրջելի է, և որ այն ներկայացնում է քաղցրահամ ջրի պաշարների անշրջելի կորուստ. մարդկությունը սպառում և աղտոտում է ավելի շատ ջուր, քան կարելի է ստանալ վերականգնվող աղբյուրներից։

«Անշրջելիությունը նշանակում է, որ մենք ոչնչացրել ենք կենսականորեն կարևոր բնական ջրային պաշարները»,- գրել է Մադանին։

Նրա խոսքով՝ 1990-ականների սկզբից ի վեր աշխարհի խոշոր լճերի կեսից ավելիում ջրի ծավալը նվազել է, տասնյակ գետեր որոշակի ամիսների այլևս չեն թափվում ծով, իսկ սառցադաշտերի շուրջ մեկ երրորդը կորել է 1970-ականներից ի վեր։

Մադանին բացատրում է, որ աշխարհի քաղցրահամ ջրի 70%-ն օգտագործվում է գյուղատնտեսության համար, և ջրի պակասը գնալով ավելի տարածված է դառնում, հատկապես՝ Ասիայում, որտեղ գյուղացիներն արտադրում են արտահանման համար: Ջրի սուր պակասն ազդում է նաև Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վրա։

ՄԱԿ-ը կոչ է անում «գլոբալ հյուսիսի» զարգացած երկրներին օգնել այս տարածաշրջաններին, քանի որ «ջրի սնանկացումը» համաշխարհային խնդիր է: Արդեն շուրջ 4 միլիարդ մարդ տառապում է ջրի լուրջ պակասից: Մադանիի խոսքով՝ գլոբալ տաքացումը միայն սրում է խնդիրը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment