Կառավարությունը հավանություն տվեց Թրամփի՝ «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման առաջարկությանը

Քաղաքականություն

21.01.2026 | 23:21

Կառավարությունը գրավոր ընթացակարգով հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման առաջարկությանը:

Արտաքին գործերի նախարարին հանձնարարվել է կազմակերպել կանոնադրության ստորագրումը:

Նշենք՝ նախագծին կից որևէ հիմնավորում չի ներկայացվել։

Հիշեցնենք՝ հունվարի 21-22-ը աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնություն (Ցյուրիխ, Դավոս) կգործուղվի Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությունը։ Այս մասին նշվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 21-ի որոշման մեջ։

Գործուղման մեջ գտնվելու ընթացքում Փաշինյանին կփոխարինի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Կառավարական պատվիրակության կազմում է ընդգրկված նաև Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Շվեյցարիա են մեկնում նաև վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը, Ալեքսանդր Աբրահամյանը, Արման Շահինյանը, Տիգրան Մեհրաբյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը։

Ավելի վաղ կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են՝ հունվարի 22-ին վարչապետը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ կմասնակցի «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։

Եվգենյա Համբարձումյան

Leave a Comment