Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-ին անձամբ կմեկնի Աբու Դաբի ու կստանա «Զայեդ» մրցանակը․ այս մասին վարչապետը խոսել է ԱԺ-կառավարության հարցուպատասխանի ժամանակ։ Գործադիրին հարցեր ուղղելու համար հերթագրվել է 37 պատգամավոր։ Հարցերը հիմնականում խաղաղության գործընթացին ու ներքաղաքական զարգացումներին են վերաբերել։
Հաշվի առնելով, որ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը գործադիրի ղեկավարին ենթակա մարմին է, Ծառայության հրապարակած զեկույցում տեղ գտած ձևակերպումներից և բացահայտումներից ոչ մեկը, ըստ էության, նորություն չի եղել վարչապետի համար։
«Այն ինչ ունեինք ասելու, այդ զեկույցում ասել են։ Այսինքն` ավելին ասելու շատ բան չունեմ»։
Վարչապետ Փաշինյանը հորդորում է չկենտրոնանալ զեկույցում նշված մտահոգությունների վրա, այլ տրված ձևակերպումներից եզրակացնել հետևյալը․
«Նույն արտաքին հետախուզության ծառայության տարեկան զեկույցում ընդգծված էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիան գնահատվում է գրեթե անհավանական։ Այսինքն` սա արձանագրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն»։
Ամեն դեպքում Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը մտահոգություն էր հայտնել Ադրբեջանում պետական մակարդակով կիրառվող և Հայաստանի համար անընդունելի «արևմտյան Ադրբեջան» խոսույթի շարունակական օգտագործման փաստի, ինչպես նաև սպառազինութան ծավալների աճի առնչությամբ։ Սա վարչապետը խիստ վտանգավոր չի համարում։
«Այո, մեր հետախուզությունը արձանագրել է այդ խնդիրները և մենք այդ խնդիրները ինչպե՞ս ենք տեսնում։ Նախ ես ձեզ ասեմ ծախսերի հետ կապված․ ի վերջո, առնվազն ներկաների մի մասը նախկինում եղել է մի երկրի քաղաքացի, որը փլուզվել է, այդ թվում՝ սպառազինությունների ինքնամոռաց մրցավազքի մեջ մտնելու համար։ Մեր ռազմավարությունը հետևյալն է․ մենք մեր երկրի պաշտպանունակությունը սիստեմատիկ կերպով ավելացնում ենք, և ես կարող եմ ասել, որ հաջողությամբ ենք դա իրականացնում։ Ինչ վերաբերվում է խաղաղության հետագա ամրապնդման և ինստիտուցիոնալացման հարցերին, մենք այդ ուղղությամբ շարունակում ենք մեր դիվանագիտական աշխատանքը։»
Այս գործընթացներում վարչապետն իներցիոն բնույթ է նկատում և համոզված է, որ դրանք անվտանգային խնդիրներին չեն վերաբերում։
«Ինչ վերաբերվում է անվտանգության հնարավոր ռիսկերին և սպառնալիքներին, Հայաստանի պետական համակարգը անընդհատ դա վերլուծում է, և այդ ուղղությամբ բոլոր ծառայությունները, առաջին հերթին դիվանագիտական, իրենց աշխատանքը անում են։ Մյուս կողմից էլ իներցիոն պրոցեսներ կան։ Մենք այդ իներցիոն պրոցեսների հետ պետք է հանգիստ, հանդարտ, խաղաղության վրա կենտրոնացած, հաստատված խաղաղության նկատմամբ խնամքի ցուցաբերմամբ աշխատենք։ Բայց Հայաստանի Հանրապետությունը երբեք և ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան իր զգոնությունը չի կորցրել և չի կորցնելու։ Այսօր` 2026 թվականի հունվարի 21–ի դրությամբ Հայաստան–Ադրբեջան սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է։»
Ի դեպ, Հայաստանի վարչապետը պատրաստվում է անձամբ մեկնել և ստանալ խաղաղության համար իրեն շնորհված «Զայեդ» մրցանակը։
«Ես մի օր զանգ եմ ստացել և ինձ դրա մասին հայտնել են, տեղեկացրել են, ես էլ շնորհակալությամբ ընդունել եմ։ Հեղինակավոր մրցանակ է։ Այս տարի, եթե չեմ սխալվում, երեք մրցանակակիր կա։ Մրցանակակիրներից մեկը ես եմ, մյուսը Ադրբեջանի նախագահն է և Աֆղանստանում կանանց կրթության հարցերով զբաղվող մի ակտիվիստ։ Պատրաստվում ենք մեկնել և մասնակցել մրցանակաբաշխությանը, և շատ շնորհակալ եմ այդ որոշման համար, ինձ համար մեծ պատիվ է։ Ես համարում եմ, որ պատճառները կամ արդյունքները, որոնք ընկած են այդ մրցանակաբաշխության որոշման հիմքում, իհարկե, թիմային աշխատանքի արդյունք է։»
Ո՛չ Հայաստանի վարչապետի ստացած մրցանակները, ո՛չ տարբեր ձևաչափերին միանալու հրավերները, ո՛չ էլ միջազգային գործընկերների հայտարարությունները Հայաստանում ժողովրդավարության կամ տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին, որևէ ազդեցություն չեն կարող ունենալ Հայաստանի 2026-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքի վրա։ Այլ ձևակերպմամբ՝ լուրերը, թե այս կամ այն երկիրը կամ կառույցը խառնվում է Հայաստանի ներքին գործերին, իրականությանը չեն համապատասխանում, ԱԺ–ում հարց ու պատասխանի ժամին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ նման մեկնաբանությունները համարելով մանիպուլյատիվ։
«Ներքին գործերին Հայաստանին միջամտելու փորձ շատ մեծ ցանկության դեպքում էլ դժվար է տեսնել, ճաշակի հարց է։ Այսինքն` հաշվի առնելով մեր որոշ քաղաքական, ընդդիմադիր շրջանակների կամ խմբակների արտաքին քաղաքական ճաշակը, նրանց ազդեցության՝ թաքնված կամ անթաքույց ազդեցության տակ գտնվող մեդիա ռեսուրսների։ Ըստ այդմ, արտաքին քաղաքական ճաշակը կարելի է հասկանալ, որ երբ ԵՄ-ն ասում է ողջունում ենք Հայաստանին և կաջակցենք Հայաստանում ժողովրդավարությանը, ասում են` ներքին գործերին միջամտության փորձ է։ Երբ Թուրքիան ասում է` ողջունում ենք խաղաղությունը և դրանում վարչապետ Փաշինյանի դերը, ասում են` ներքին գործերին միջամտության փորձ է։ Պարզ է, չէ՞ որ այս ուժերը և իրենց տիրապետության տակ գտնվող մեդիա ռեսուրսները ընդհանրապես չեն նկատում այն մյուս կողմից եկող զանազան գնահատականներ և ուղերձներ, որոնք այս պարագայում ես կասեի` մեծ դժվարությամբ պետք է աչք փակել և չհամարել ներքին գործերի միջամտության փորձ»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ նախադասությամբ է ձևակերպում «խաղի կանոնները»։
«Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք իրավունք չունեն մասնակցել Հայաստանում նախընտրական քարոզչությանը և ընդհանրապես քաղաքական կյանքին»։
Գործադիր իշխանության անդամները, սակայն, գիտակցում են ու նաև հանրությանն են զգուշացնում, որ առաջիկայում մանիպուլյատիվ տեղեկատվության հոսքն ավելանալու է։