Դադարեցնում եմ լիազորություններս. Փոխնախարար

Դադարեցնում եմ լիազորություններս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում։

Շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության, քաղաքական աջակցության և բարեփոխումների օրակարգը առաջ տանելու հետևողականության համար։

Շնորհակալ եմ հարգարժան փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին և Տիգրան Խաչատրյանին՝ ոլորտային պրոֆեսիոնալ համակարգման, գործընկերային ու մարդկային վերաբերմունքի համար։

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանին, ում ոլորտային առաջնորդությամբ աշխատել ենք թիմային փոխվստահության մթնոլորտում և ում հետ միասին հաղթահարել ենք հետճգնաժամային իրավիճակները, հեղինակել և ներդրել ենք համակարգային նշանակության մի շարք նախագծեր.

– Կենսաթոշակների հետվճարի ծրագիրը,

– Սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության ծրագիրը,

– Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցության 2 ծրագրերը, որոնց շնորհիվ տեղահանված շուրջ 5,500 ընտանիք ունեցան իրենց տունը,

– Ժողովրդագրության ռազմավարությունը և դրանից բխող մի շարք ծրագրեր,

– Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը,

– Կենսաթոշակների և նպաստների անկանխիկի սահուն անցման բարեփոխումները,

– Անաշխատունակության և մայրության նպաստների ռեֆորմը, որով թվայնացվեցին բոլոր գործընթացները,

– Կենսաթոշակային ռոֆորմի նախագիծը,

– Սոցիալական պաշտպանության ոլորտի թվային տասնյակ համակարգերի գործարկումը՝ ի շնորհիվ «Նորք» տեխնոլոգիական կենտրոնի պրոֆեսիոնալ թիմի։

Հպարտ եմ այն թիմով, որի հետ աշխատել եմ։ Մասնագիտական, նվիրված և արժանապատիվ մարդիկ, ովքեր ամեն օր փորձել են պետական համակարգում թողնել իրական արժեք:

Պետական ծառայությունը ինձ համար եղել է առաքելություն։ Եվ այս փուլը համարում եմ հերթական անցում դեպի նոր ձևաչափերով օգտակար լինելու հնարավորություն։

Շնորհակալ եմ նախարարության բոլոր գործընկերներիս, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, Կենտրոնական բանկի, ինչպես նաև միջազգային և մասնավոր կառույցների գործընկերներին՝ պետության ուժեղացման գործում արդյունավետ համագործակցության համար, և սիրելի քաղաքացիներին՝ վստահության, աջակցության և համբերության համար։

Leave a Comment