Նախարարն անդրադարձել է վարորդական իրավունք ստանալու քննության փոփոխություններին

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ նախարար Արփինե Սարսյանն այսօր ԱԺ-ում կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է վարորդական իրավունքի վկայականի ստացման քննական ստորաբաժանումների ծանրաբեռնվածությանը և հայտնել, որ պետք է գնալ ինստիտուցիոնալ փոփոխությունների։
«Այս տարվա կտրվածքով պետք է ինստիտուցիոնալ փոփոխությունների գնանք, որպեսզի հաշվառման քննական ծառայությունների մատուցման մոդելը փոփոխվի։ Մոդելի փոփոխության վերջնարդյունքում կունենանք շատ ավելի բարվոք պայմաններ հաշվառման քննական ծառայությունների դեպքում », – ասաց նախարարն՝ ընդգծելով, որ դա վերաբերում է թե ենթակառուցվածքին, թե առհասարակ վարորդական իրավունք ստանալու քննությանը և դրա բովանդակությանը։
Սարգսյանի խոսքով՝ այս հարցում նախատեսվում է նաև կրթական բաղադրիչի ներդնում և տեսական ու գործնական քննությունների վերաիմաստավորում։
«Մենք չպետք է մոռանանք, որ գործ ունենք վտանգավոր աղբյուրով երթևեկության մեջ մտնող մարդկանց հետ։ Այստեղ անել մի բան, որը կլինի արագ, հարմար, բայց դրա արդյունքում կտուժի որակը, մենք նմանատիպ մոտեցում թույլատրել չենք կարող», – ասաց Սարգսյանը։
Նախարարի խոսքով՝ այդ պատճառով անհրաժեշտ է գնալ ինստիտուցիոնալ այնպիսի փոփոխությունների ճանապարհով, որոնք թեև պահանջելու են ժամանակ, բայց նաև խնամքով մոտեցում՝ հանրային անվտանգության թեմային։