ՀՀ-ն առաջին անգամ կմասնակցի Մալթայի միջազգային բիենալեին՝ Ռաֆֆի Ետալյանի նախագծով

ՀՀ-ն առաջին անգամ կմասնակցի Մալթայի միջազգային բիենալեին՝ Ռաֆֆի Ետալյանի նախագծով

21 հունվարի 2026 – 16:16 AMT

PanARMENIAN.NetՀՀ-ն առաջին անգամ կմասնակցի Մալթայի միջազգային բիենալեին, որն անցնելու է մարտի 11-ից մայիսի 29-ը և կրում է «Մաքուր, պարզ, կտրված» խորագիրը (CLEAN/CLEAR/CUT)։Կերկայացվի նկարիչ և քանդակագործ Ռաֆֆի Ետալյանի «Այն բանի ձայնը, որը երբեք չի տեսնվել» ինստալյացիոն նախագիծը։ Տաղավարի համադրողը Սոնա Հովհաննիսյանն է։

Հայաստանը ներկայացնող նախագիծը ընտրվել է ԿԳՄՍ նախարարության կողմից 2025 թվականի հունիսին հայտարարված մրցույթի արդյունքում։

Նախագիծը՝ քանդակային և ձայնային ինստալյացիա, հանդիսատեսին հրավիրում է խորհրդածական վիրտուալ ճանապարհորդության՝ բացահայտելու տեսանելիի և անտեսանելիի, ներկայի և անցյալի հարաբերակցությունը:

Ռաֆֆի Ետալյանն անդամակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Լիբանանի նկարիչների ու քանդակագործների միություններին։ Նրա արվեստը ներառում է հուշարձաններ, ինստալյացիաներ և հանրային տարածքներում իրականացված նախագծեր։ 2019 թվականին Ֆլորենցիայի XII բիենալեում նա արժանացել է Lorenzo il Magnifico ոսկե մեդալին՝ «Reflection of an Enigmatic Mind» ստեղծագործության համար։ 2015 թվականին Վատիկանի ֆիլատելիստական և դրամագիտական գրասենյակը վերարտադրել է Ետալյանի «Սուրբ Իգնատիոս Մալոյան» կտավը, որին նվիրված նաև նամականիշ է թողարկվել: Ետալյանի աշխատանքները ցուցադրվել են Հայաստանում, արաբական երկրներում, Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Արվեստագետի որոշ ստեղծագործություններ ներառված են աշխարհի տարբեր երկրների թանգարանների մշտական ցուցադրություններում և մասնավոր հավաքածուներում։

Հայաստանյան տաղավարի համադրող Սոնա Հովհաննիսյանը հանդիսանում է Triangle of Collaboration (ToC) մշակութային հարթակի համահիմնադիրն ու ICOM-ի անդամ։ Նրա համադրողական մոտեցումը հիմնված է հետազոտության, միջոլորտային համագործակցության և ժամանակակից մշակութային դիսկուրսների վրա։ Հովհաննիսյանը մասնակցել է միջազգային մի շարք ցուցահանդեսների, հետազոտական նախագծերի և բիենալեների՝ ներկայացնելով ժամանակակից արվեստի և տարածքային մշակույթի հարցադրումներ։

Հայաստանյան տաղավարի հանձնակատարը ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ Սվետլանա Սահակյանն է։ Հայաստանի մասնակցությունն իրականացվում է նաև Իտալիայում ՀՀ դեսպանության օժանդակությամբ։

Այս տարվա բիենալեում ներկայացվելու է 47 ստեղծագործական նախագիծ, որոնք ընտրվել են աշխարհի 122 երկրից ներկայացված ավելի քան 3200 հայտերից։ Միջոցառումն ընդգրկում է 29 ազգային և թեմատիկ տաղավար՝ Մալթայի բիենալեն վերածելով տարածաշրջանում ամենախոշոր միջազգային մշակութային հարթակներից մեկի։

Leave a Comment