Հակակոռուպցիոն քրեական դատարանում հունվարի 21-ին, դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, անցկացվեց 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի խաչմերուկում ԱԹՍ-ի հարվածից 18 զինծառայողի զոհվելու փաստով հերթական դատական նիստը։։ Գործով մեղադրյալի աթոռին է 2020 թ․-ին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը։ Iravaban.net-ի փոխանցմամբ դատական նիստին ներկա էին հանրային մեղադրող, զինվորական դատախազության Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանը, մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը և վերջինիս պաշտպան Նարեկ Գրիգորյանը, տուժողների իրավահաջորդներ, ինչպես նաև գործով վկա հանդիսացող անձինք։
Պաշտպանական կողմը առաջարկեց նախ հարցաքննել վկա Շալիկո Եղիազարյանին, հիմնավորելով, որ մյուս վկայի՝ Գարուն Ասրյանի ցուցմոնքը ածանցվում է Եղիազարյանի ցուցմունքին։ Առարկություններ չկային ուստի հարցաքննության հրավիրվեց Շալիկո Եղիազարյանը։ Վերջինս հայտնեց, որ դիմում է ներկայացրել ՀՀ դատախազին, դիմումը, իր քոսքով՝ կապված է եղել մարտական գործողությունների ընթացքում արված թերի գործողությունների վերաբերյալ։ Հայտնեց նաև, որ սույն գործին որպես ապացույց կցված տեսանյութը ևս ինքն է ներկայացրել համապատասխան մարմնին։
Վկայի խոսքով դեպքից առաջ զինծառայողները ցրված են եղել, մի տեղում կուտակված չեն եղել, քանի որ այդպես ավելի ապահով է։ Ի պատասխան հարցին, թե տեսե՞լ է ԱԹՍ-ն, ձայնը լսե՞լ է, ասաց, որ պարզ տեսանելի էր, իսկ ձայնը շատ ուժեղ լսվում էր։
«Իշխանազունի խաչմերուկում երեխաներից ցրված լինելուց հետո, ինչպե՞ս պատահեց, որ այդ երեխաները հայտնվեցին ավտոմեքենայի մեջ և շարժվեցին»,- հարցրեց Հայկ Մարգարյանը։
Ի պատասխան Եղիազարյանը նշեց՝ «Սպայի հրամանով՝ նստեք, շարժվում ենք»։
-Այդտեղ կանգնած էր, խոսում էր հեռախոսով, հետո հրաման տվեց, «նստեք, շարժվում ենք»,-հիշեց վկան։ «Ես հետո իմացա որ հենց այդ, ուղեկցող սպան զոհվել է»,- եզրափակեց նա։
Վկան նշեց, որ Անդրանիկ Վերանյանին չի ճանաչում, նրան տեսել է նախորդ դատական նիստին, իր նկարագրած սպան Վերանյանը չէ։
Եղիազարյանը վստահեցրեց, որ զինծառայողներին տեղափոխող մեքենան, անկասկած խոցվել է ԱԹՍ-ի կողմից, նույն ԱԹՍ-ի, որի մասին նշել էր իր խոսքում։ Նրա կարծիքով այդ իրավիճակում ճիշտը մեքենա չնստելն էր։
-Առաջինը ոչնչացնում են ԱԹՍ-ն օդում որ գիտենք հաստատ վնաս է տալու, նոր անցնում են գործողության։
-Ի՞նչ գիտեք հաստատ վնասը, կարող է հարվածային ԱԹՍ չէ։
-Ես գիտեի, որ հարվածային է, դա յուրաքանչյուր սպա, յուրաքանչյուր զինվորական քաջ գիտակցելու է, դա հարվածային է, հետախուզական է, թե ուրիշ։․․․Այդ հատվածը վտանգավոր էր, ուղղակի մարդիկ ցրված էին, ԱԹՍ-ն այն դեպքում է հարվածում, երբ կա տեխնիկա կամ ինչ-որ մեծ խմբավորում։
Դատաքննության ընթացքում հատազոտված ապացույցներով նախորդիվ պարզվել էր, որ Իշխանաձորի խաչմերուկում, երբ որ զինվորները իջած են ավտոմեքենայից, մոտեցել է պիկապ թափկով ավտոմեքենա, որի մեջ է եղել այդ թվում մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը և վերջինիս կողմից է հրաման տրվել, նստել ավտոմեքենա և շարժվել: Վկա Եղիազարյանը միակն է մինչ այժմ ցուցմունք տվածներից, որ նշում է դեպքի վայրում այլ՝ զոհված սպայի ներկայության մասին։
«Ինչպե՞ս է ստացվում, որ մենք ունենք իրավիճակ, որ առաջնային ականատես վկաներից երեքը ասում են, որ Իշխանաձորի խաչմերուկում տեղի ունեցածը այլ կերպ է եղել, այսինքն եղել է սպայի հրաման, մասնավորապես մեղադրյալի հրամանը, պիկապով եկած մեղադրյալի հրամանը, մասնավորապես Տարոն Նիկողոսյանի՝ հանգնուցյալ սպա, որը որ և հրամայել է դրանից հետո արդեն անձնակազմին նստել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հակասությունը»,- հարցրեց Դատախազը։
Վկան նշեց, որ չի կարող ասել, չգիտի։
Այնուհետև իր հարցերը ներկայացրեց նաև մեղադրյալի ներկայացուցիչը և տուժողի իրավահաջորդը։
Հարցերին ի պատասխան վկան նշեց, որ տեսել է արկերով լի մոտ 400-500 արկղեր։ Տուժողի իրավահաջորդ Հարություն Օհանյանը ևս մեկ անգամ ցանկացավ հստակեցնել, որ վկային տեսել է միայն 2 անգամ, առանձնակի մտերմություն չեն ունեցել։
Վկայի հարցաքննության ավարտից հետո հանրային մեղադրողը հայտնեց, որ նիստին ներկայացել է վկա Արմեն Վարդանյանը։ Դատարանը հաջորդիվ հարցաքննեց նրան։ Վկան հայտնեց, որ 2020 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ զբաղեցրել է Հակաօդային պաշտպանության զորքերի պետի, ՀՕՊ վարչության պետի պաշտոնը։
Գեներալ Վարդանյանը ներկայացրեց ավտոշարասյան երթի ընթացքում օդային պատասպարման ընթացակարգը, որոշակի մանրամասներ ներկայացրեց նաև 44-օրյա պատերազմի ժամանակ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում օդային պաշտպանության վիճակի մասին։ Վկայի խոսքով, առկա ուժերը և միջոցները բոլորը բերված են եղել բարձր մարտական պատրաստականության վիճակի և տեղերում ըստ իրավիճակի մի մասը մշտապես գտնվել է համար մեկ մարտական պատրաստականության մեջ, այսինքն հետախուզել են և կրակել են։ Մի մասն էլ կամ տեխնիկական սպասարկման է եղել, կամ հերթափոխող է եղել։ Նշեց, որ օդային տարածքը ամբողջությամբ պատսպարված չի եղել և հավելեց, որ չի եղել և կարծում է՝ երբևիցե չի լինելու մի պետություն, որը ամբողջությամբ պատսպարված լինի։
Վարդանյանի խոսքով ԱԹ-ի առկայության դեպքում և կանգառ է թույլատրվում և երթի արագության մեծացում է թույլատրվում, հրամանատարը կարող է իրավիճակին համապատասխան որոշում կայացնել։
«Իմ կարծիքով երկու տարբերակով կարող էր այստեղ հրամանատարը որոշում կայացնել, արագությունը մեծացնել, տակից փախչել, պատսպարվել,նաև մեքենայի տակ ինչ-որ կերպ, եթե իհարկե տեղավորվեին, հասցնեին մտնել մեքենայի տակ և մյուս տարբերակը, որ անձնակազմը մեքենայից դուրս գար, արագ ցրվեր տարբեր տեղեր, որ կորուստները մինիմումի հասցնեն»,-նշեց Վարդանյանը։
Նա նշեց նաև, որ տվյալ պարագայում հրամանատարը պետք է զեկուցեր իր որոշման մասին վերադաս հրամանատարին, մարտական խնդրի կատարման ժամանակը փոխել տար։ «Եթե վերադասը չէր համաձայնվի, ինքը պիտի զեկուցեր, որ գտնվում է ԱԹՍ-ի հսկողության ներքո, հավանական է հարձակումը ԱԹՍ-ով, որոշել եմ երթը դադարեցնել, անձնակազմը թաքցնել։ Եթե վերադաս հրամանատարը հրաման կտար, ասեր չէ շարունակի, արդեն իր վրա պատասխանատվություն վերցնելով, որ ինքն է վտանգում անձնակազմի և տեխնիկայի կորուստը, այդ պարագայում հրամանատարը այլընտրանք չունի, նա միանշանակ պետք է շարունակեր»,- ամփոփեց նա։
Հարցաքննությունների մանրամասները դատական նիստի ձայնագրառման մեջ։