Երևանը գեղեցկացնող դերասանը՝ Գևորգ Աշուղյանի կյանքը Ռադիոյի ժապավեններում․ «Արդեն 100 տարի»

Մենք շարունակում ենք ներկայացնել 100-ամյա հայկական ռադիոյի անցած ճանապարհը․ այն հրաշալի հաղորդումների, ռադիոյի անբաժան մաս կազմած բացառիկ համույթների և, իհարկե, երախտավորների մասին, որոնք տասնամյակների ընթացքում կայացրել են ռադիոն, պատվով հասցրել մեր օրերը ու հանձնել նոր սերնդին: Հայաստանի 100-ամյա ռադիոյի բոլոր գաղտնիքիները, հուշերը, պատմության լավագույն դրվագները ժապավենների վրա են:

Այսօր անդրադառնում ենք սրանից քառորդ դար առաջ Հանրային ռադիոյում պատրաստված մի հաղորդման, որը պատմում է դերասան Գևորգ Աշուղյանի մասին: «Բյուրակն» ծրագրի շրջանակներում հեղինակ, ռադիոյի երախտավորներից՝ Կլարա Թերզյանը, Գևորգ Աշուղյանի 90-ամյա տարեդարձի առիթով պատրաստել էր «Երևանը գեղեցկացնող մարդը» ռադիոակնարկը:

1911 թվականի հունվարի 18-ին Թիֆլիսում ծնված Գևորգ Աշուղյանն, այս տարի կդառնար 115 տարեկան։ Նա Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի արտիստներից էր, հայ թատրոնի փառահեղ ժամանակաշրջանի վկան և կերտողը, երբ փայլում էին Հովհաննես Աբելյանի, Արուս Ոսկանյանի, Վաղարշ Վաղարշյանի, Հրաչյա Ներսիսյանի, Վահրամ Փափազյանի, Ավետ Ավետիսյանի անունները: Բեմական առաջին քայլերն Աշուղյանն արել է Ախլցխայում, հետո բեմ բարձրացել Թիֆլիսի հայկական թատրոնում: Մոսկվայի դրամատիկական ստուդիայում Ռուբեն Սիմոնովի աշակերտն էր:

Ֆիգարո՝ Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» պիեսում, Լաերտ՝ Շեքսպիրի Համլետում, Կասիո՝ Օթելլոյում, անգամ Լենին է խաղացել: Նա համագործակցել է նաև Ռադիոհեռուստատեսության Գրական և Մանկական խմբագրությունների հետ: Փոքրիկների կողմից սիրված հեքիաթասաց էր: Գ. Աշուղյանը հրաշալի հուշեր էր պատմում հատկապես Հրաչյա Ներսիսյանի մասին: Օրինակ՝ թե ինչպես երկրորդ աշխարհամարտի տարիներին, մի ներկայացման ժամանակ, հանդիսականը բուռն ծափերով ողջունեց հիտլերականի դեր կատարող Հրաչյա Ներսիսյանին: Եվ դա ունեցավ լուրջ հետևանք:

Հուզիչ է, պատերազմի տարիներին Եգոր Բուլիչով ներկայացման ժամանակ, որպես ռեկվիզիտ գործածվող խնձորները «գողանալու» և տուն՝ զավակներին տանելու Գ.Աշուղյանի խոստովանությունը:

Leave a Comment