Եթե Շառլ Միշելի տեսլականը հայաթափված Արցախն էր, անհրաժեշտ էր հենց սկզբից դրա մասին անկեղծ հայտարարել ու դրա դիմաց մրցանակ առաջարկել. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Հայկական համացանցը ցնցվեց, երբ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման։

Երեկ պարզվեց նաև, թե ով է կանգնած այդ հիմնադրամի հետևում։ Եվ ահա Հայաստան ժամանած մրցանակի հանձնաժողովի անդամներից էր նաև մեր ժողովրդին քաջ հայտնի՝ Շառլ Միշելը, որի հանձնառությամբ Լեռնային Ղարաբաղում պետք է ապրեին ըստ իր ձևակերպման «էթնիկ» հայերը՝ միջազգային մեխանիզմներով ապահովված անվտանգության և իրավունքների ներքո։

Եթե Շառլ Միշելի տեսլականը էթնիկ զտված և հայաթափված Արցախն էր, ապա անհրաժեշտ էր հենց սկզբից դրա մասին անկեղծ հայտարարել ու դրա դիմաց մրցանակ առաջարկել։

Իմ հիշողություններում Շառլ Միշելը տպավորվել է հատկապես նրանով, որ 2023 թվականի օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից ընդամենը 12 օր անց Հայաստանը ենթարկվեց ադրբեջանական մասշտաբային հարձակման․ ՀՀ ինքնիշխան տարածքները օկուպացվեցին և մնում են այդպես մինչև այսօր, հայ կին զինծառայողը անդամահատվեց, հայ անզեն ռազմագերիները գնդակահարվեցին դիրքում, և չեղավ ոչ մի միջազգային հայց, ոչ մի հետաքննություն, ոչ մի դատապարտում՝ զրո հետևանք։

Մեր ժողովուրդը չպետք է խաբվի այս մրցանակի շուրջ կառուցված քարոզչությամբ։ Ընդհակառակը՝ անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ որտեղ կա Շառլ Միշելը, այնտեղ կա նաև Ադրբեջանի ձեռքը, քանի որ նա չի ներկայացնում արդարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և ԵՄ-ի կողմից ներկայացվող արժեքները։ Միշելը Ալիևի հերթական թշվառ լոբիստն է, և այս մրցանակը նա բերել է Փաշինյանին՝ ի աջակցություն առաջիկա ԱԺ ընտրություններին, որպեսզի մեր ժողովուրդը խաբվի և վերընտրի մրցանակակրին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment