Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FFF) պաշտոնական գործընթաց է սկսել Զինեդին Զիդանին ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու ուղղությամբ։ Նախատեսվում է, որ նշանակումը տեղի կունենա 2026 թվականի Աշխարհի առաջնության ավարտից անմիջապես հետո։
L’Équipe պարբերականի փոխանցմամբ՝ ֆեդերացիան կոնկրետ քայլեր է ձեռնարկել լեգենդար ֆրանսիացուն թիմ հրավիրելու նպատակով։ Սպասվում է, որ ներկայիս գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը կլքի պաշտոնը 2026 թվականի ամռանը կայանալիք Մունդիալից հետո՝ ղեկը զիջելով Զիդանին։
Մարզչական գործունեությամբ նա չի զբաղվում 2021 թվականի ամռանից ի վեր, երբ ավարտվեց նրա երկրորդ ժամկետը Մադրիդի «Ռեալի» ղեկին։ Չնայած երկարատև դադարին և տարբեր թոփ նախագծերի հետ կապված մշտական խոսակցություններին, նա մինչ օրս որևէ այլ ակումբ չի գլխավորել։
Զիդանը համարվում է «Ռեալի» պատմության ամենահաջողակ մասնագետներից մեկը։ Նրա գլխավորությամբ մադրիդցիները գրանցել են աննախադեպ ցուցանիշներ՝ հաղթելով Չեմպիոնների լիգան երեք անգամ անընդմեջ, երկու անգամ դառնալով Լա Լիգայի չեմպիոն, ինչպես նաև երկուական անգամ նվաճելով ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթն ու Իսպանիայի Սուպերգավաթը և հաղթելով ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությունը։