Որքա՞ն են վարձատրվում Շիրակի մարզի մանկվարժները, և արդյո՞ք նրանց շարքերում կան բարձր աշխատավարձ ստացողներ: Այս և կրթական ոլորտին վերաբերող այլ հարցերի է պատասխանել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ հանդիպմանը: Մարզպետն անդրադարձել է նաև դպրոցների առաջիկայում սպասվող միավորմանը, դպրոցներում հնարավոր դրամահավաքության վերահսկմանը, ինչպես նաև մարզում ընթացող դպրոցաշինությանը:
Վերջին շրջանում մանկավարժների ատեստավորման գործընթացը տարաբնույթ քննարկումների առիթ է դարձել: Պատկան կառույցները նշում են, որ տարեցտարի ատեստավորման մասնակիցների ու բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչների թիվն ավելանում է։ Իսկ ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած մանկավարժներն էլ դժգոհում են թեստերում ներառված հարցերի որակից ու գնահատման չափորոշիչներից: Իսկ ինչպիսին է պատկերը Շիրակի մարզի դպրոցներում: Ուսումնասիրության վերջին արդյունքները լրագրողներին ներկայացնում է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:
«Շիրակի մարզում 500 հազար պլյուս ստացող երկու մանկավարժ ունենք, 19-ը մանկավարժ ունենք, որոնք 400 հազարից ավելի են ստանում, 124 մանկավարժ ունենք, որոնք 300 հազարից ավելի են ստանում և 526 մանկավարժ ունենք, որոնք 200 հազարից ավելի են ստանում: Էնպես որ, մարզում ունենք մանկավարժներ, որոնք բարձր աշխատավարձ են ստանում»։
Առձեռն 500 հազար դրամ աշխատավարձ ստացող մանկավարժներից մեկը դասավանդում է Գյումրիում, մյուսը՝ գյուղական դպրոցում, 400 հազարից ավելի վարձատրություն ստացող ուսուցիչներից 7-ն են Գյումրիի դպրոցներում աշխատում, իսկ 12-ը՝ գյուղական դպրոցներում: Ատեստավորումից հետո աշխատավարձի չափը կախված է ոչ միայն քննական միավորներից, այլև տարակարգ ունենալու կամ չունենալու հանգամանքից ու դասաժամերի քանակից, ասում է մարզպետը:
«Էս ծրագրի հիմքում դրված է էն, որ մանկավարժը դասասենյակ մտնելուց տրամադրված լինի միայն դասին, որովհետև մանկավարժը, ինչքան էլ շատ սիրի իրա աշխատանքը ու պրոֆեսիոնալ լինի, եթե ինքը տանը հոգսեր ունի, ինքը ամեն դեպքում մտահոգ է լինելու իրա անձնական խնդիրներով։ Իսկ էս չափի աշխատավարձ ստացողները գոնե մինիմալ իրանց կարիքները կարողանում են հոգալ ու ամբողջությամբ նվիրվում են դասապրոցեսին»:
Կրթության որակը բարձրացնելու համար պետական մակարդակով մեծ ներդրումներ են անում, վստահեցնում է Դավիթ Առուշանյանը: Շիրակի մարզում դեռ անցած տարվանից հիմնանորոգվում կամ հիմքից կառուցվում են մոտ 4 տասնյակ դպրոցներ: Դպրոցներից մի քանիսն արդեն շահագործման են հանձնվել:
«Երեք դպրոցում եմ եղել, որից մեկում արդեն դասապրոցեսը կազմակերպված էր, մեկ դպրոցում շինարարությունը ինչ որ իքս փուլի էր, էնտեղ թերություններ եմ հայտնաբերել և շինարարի հետ խոսել եմ, որ էտ թերությունները վերացնեն, 19-ը դպրոցում արդեն ավարտված էին շինարարական աշխատանքները և մաքրման աշխատանքներն էլ ավարտված էին ,արդեն գույքն էին դասավորում, մոտ ժամանակներում արդեն այնտեղ կգնան էրեխեքը դասի: Մենք հատուկ բացումներ չենք անում էտ դպրոցներում, ընդհանուր այցեր ենք անում: Ծավալները շատ մեծ են, ու եղակակային պայմաններն էլ դեպքեր էղան, որ խանգարեցին ու մեկ-երկու ամսվա ընթացքում մենք պիտի որ դպրոցները ամբողջությամբ ավարտած լինենք»:
Այս տարի սկսվում է դպրոցների միավորումը: Շիրակի մարզում կմիավորվեն 40-ից ավելի գյուղական դպրոցներ, որոնք 100-ից պակաս աշակերտ ունեն: Շիրակի մարզպետն ասում է, որ մինչև ծրագրի իրագործումը, մի քանի դպրոցներում նախապես հաստատված նախագծերը փոփոխվել են:
«Հիմա նորից, կետ առ կետ վերանայում ենք: Գիտեք, Հողմիկի պատմությունը, որը Արեգնադեմի դպրոցին պիտի միանար, բայց օբյեկտիվորեն անձնակազմը բացատրեց, ասեց խնդիրն ինչումն է, մենք հասկացանք ու կառավարության որոշման մեջ փոփոխություն տեղի ունեցավ: Մենք ունենք նաև Մուսայելյանի դպրոցի հետ կապված խնդիր: Ես անձամբ գնացել, մեր ձորի գյուղերը պտտվել եմ, տեսել ենք էնտեղ ինչ խնդիրներ կան, մարդիկ խնդիրը բարձրաձայնել են, որ դժվարություն է 20 կմ-ից ավել է ամենահեռավոր գյուղից մինչև Մուսայելյանը: Ու արդեն նախարարի հետ խոսել եմ, նախարարին գրավոր գրություն ենք ուղարկել , թե մեր առաջարկը որն է ու խնդիրն ինչումն է կայանում: Հողմիկը պետք է միանար Արեգնադեմի դպրոցին, բայց քանի որ ճանապարհը սխալ էր ընտրված, որոշում կայացվեց, որ Հողմիկը միավորվի Ամասիայի դպրոցին, երբ որ Ամասիայի դպրոցը կառուցեցին վերջացրեցին» :
Մարզպետը խոսեց նաև դպրոցներում հնարավոր դրամահավաքության մասին։ Նա վստահեցրեց, որ այդ խնդիրը գտնվում է մարզպետարանի կրթության վարչության անմիջական վերահսկողության տակ: