
2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգրավմամբ ձեռք բերված Վաշինգտոնյան հռչակագրի և Խաղաղության համաձայնագրի նախաստորագրման արդյունքում զգալիորեն նվազել է ռազմական էսկալացիայի հավանականությունը, բարձրացել՝ խաղաղ կարգավորման հավանականությունը։ Այս մասին ասվում է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության հրապարակած՝ Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցում։
Ծառայությունը «անհավանական է համարում 2026 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական մտադրությամբ պայմանավորված տարբեր մասշտաբների ռազմական էսկալացիան:
«2026 թվականին նոր առաջընթաց կգրանցվի սահմանագծման և սահմանազատման գործընթացում։ Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման դեպքում ևս, մեծ հավանականությամբ, առաջընթաց կգրանցվի արդեն իսկ սկսված գործընթացներում, իսկ հարևանների հետ Հայաստանի երկկողմ կապակցվածության նախաձեռնությունները կխթանեն տարածաշրջանային առավել ընդգրկուն տնտեսական նախագծերի ընթացքը»,- ասվում է զեկույցում:
Ծառայության վերլուծության մեջ նշվում է, որ երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող և ռիսկային գործոն են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթներ: ԱՀԾ-ն նշում է, որ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է այս քարոզչությունը, ինչը «զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության և երկարաժամկետ խաղաղության համար»:
Նշվում է նաև, որ շարունակվում է Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը.
«Ռազմական հատկացումների աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են այլ ոլորտային հատկացումների տեմպերը և շատ դեպքերում՝ իրականացվում այլ ոլորտների հաշվին։ 2026 թվականի ռազմական հատկացումներն աճել են շուրջ 44%-ով, իսկ մյուս ոլորտային հատկացումները՝ ընդամենը 7.4%-ով»: