ՔՊ-ականների նախագիծը մեռելածին է և հետապնդում է սոսկ քաղաքական-քարոզչական նպատակ. պատգամավոր

20 Հունվարի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հայտարարությունը՝ խորհրդարանի ամբիոնից․

Այսօր առաջին ընթերցումով խորհրդարանն ընդունեց ՔՊ խմբակցության երկու պատգամավորների՝ ««Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Այս ամբիոնից հնչած՝ հանրությանը մոլորեցնող, զրպարտչական և Հայ Առաքելական եկեղեցին վարկաբեկող բազմաթիվ հայտարարություններ դրդում են մեկ անգամ ևս անդրադառնալ նախագծին և քաղաքական մեծամասնության իրական նպատակադրմանը:

Նախ արձանագրենք, որ նախագիծը չի համապատասխանում օրինաստեղծ գործունեության տարրական պահանջներին:

Ի սկզբանե այն մեռելածին է և հետապնդում է սոսկ քաղաքական-քարոզչական նպատակ՝ հետևյալ հիմնավորումներով.

  1. Մասնավորապես, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների նպատակային նշանակությունը որևէ մեկն իրավասու չէ փոփոխել՝ անկախ վերջինիս սեփականության ձևից, ուստի օտարվելու դեպքում, շարունակելու է պահպանվել նույն իրավական ռեժիմը: Հետևաբար, անիմաստ է և երևակայական այն մտահոգությունը, որ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները կարող են օտարումից հետո օգտագործվել «ոչ հանրօգուտ և իր բուն նշանակությանը տարբերվող նպատակով»:
  2. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին երբևէ չի օտարել և չի էլ պատրաստվում օտարել պատմության և մշակույթի որևէ անշարժ հուշարձան, ուստի օրինագիծը հիմաստազուրկ է նաև այս առումով: Ցանկացծ օրենքի նախագիծը պետք է հետապնդի ոչ թե ապրիորի, ենթադրյալ կամ դավադրապաշտական թեզեր, այլ՝ կոնկրետ հանրային պատվեր:

Օրինագծի վերաբերյալ այս ամբիոնից հնչած բազմաթիվ դատողությունները և այսպես կոչված հիմանվորումները կամ դիտավորությամբ խեղված են կամ չունեն նվազագույն գիտելիքային հենք: Դրանց բուն ուղղվածությունը ԱԺ ամբիոնից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին վարկաբեկելն է, հանրության մոտ հակաեկեղեցական տրամադրություններ ձևավորել:

Նախանձելի խիզախությամբ այս բարձր ամբիոնից կասկածի տակ է դրվում Հայ Առաքելական եկեղեցու կրոնական կազմակերպություն լինելն ու պետությունից անջատ լինելու Սահմանադրական նորմը:

Նույն ջանասիրությամբ այս ամբիոնից ոտնահարվում է մեկ այլ իրավական նորմ, որով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարումը։

Կրկնում եմ՝ գուցե անպատասխանատու հայտարարություններից առաջ ուսումնասիրեիք, որ մասունքների ընծայաբերումը միջեկեղեցական դարավոր ավանդույթ է:

Եթե ականատեսը չլինեինք եկեղեցու և մեր ինքնության դեմ  վարչախմբի սևեռուն հալածանքներին,  կարելի էր  մտածել, թե  նախաձեռնությունը բխում է հուշարձանների պահպանության լավագույն շահից։

Իրականում այն սովորական հայտ է մաս կազմելու  հակաեկեղեցական արշավ-հալածանքին:

Եվ, այնուամենայնիվ հիշենք, որ հայ եկեղեցու, նրա ժառանգության պահպանության դիրքերից է հանդես գալիս քաղաքական մի ուժ, որի իշխանության օրոք թշնամուն թողնվեցին վանական համալիրներ, 1500 եկեղեցի, պաշտոնապես գրանցված շուրջ 20․000 առանձնակի արժեքավոր մշակութային արժեքներ։

Ելույթը՝ տեսանյութում։

Leave a Comment