Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը գործունեության 3-րդ տարում հրապարակել է «Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ» 2026 թվականի տարեկան զեկույցը, որը կառույցի ներկայացրած երկրորդ փաստաթուղթն է։
Ամենամյա զեկույցում գնահատվում են այն հիմնական ռիսկերը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն պայմանավորում են Հայաստանի անվտանգային միջավայրը։ Նշվում է, որ զեկույցի գնահատականները բաց և փակ աղբյուրներից ստացված հետախուզական տեղեկությունների համալիր վերլուծության արդյունք են։ Միևնույն ժամանակ ելնելով պետական գաղտնիքի մասին օրենսդրական սահմանափակումներից, ինչպես նաև զգայուն այլ տվյալների պաշտպանության օբյեկտիվ անհրաժեշտությունից՝ զեկույցում չեն արտացոլել փակ տեղեկությունները և տվյալները։
Արտաքին հետախուզության ծառայությունը գրեթե անհավանական է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիան։ Տարեկան զեկույցում տեղ գտած այս եզրակացության հիմքում Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունն է։
Զեկույցում, մասնավորապես, նշվում է․
«2025 թվականին ինտենսիվորեն շարունակված երկկողմ բարձրաստիճան բանակցությունների, ինչպես նաև օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվ ներգրավմամբ ձեռք բերված Վաշինգտոնյան հռչակագրի և «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրման արդյունքում զգալիորեն նվազել է ռազմական էսկալացիայի և բարձրացել խաղաղ կարգավորման հավանականությունը։ Նշված և ուղեկցող գործընթացների ու տվյալների համապարփակ վերլուծության արդյունքում գրեթե անհավանական ենք համարում 2026 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական մտադրությամբ պայմանավորված տարբեր մասշտաբների ռազմական էսկալացիան։ Քիչ հավանական ենք համարում նաև այնպիսի տեղային գործողությունները կամ միջադեպերը, որոնք ռազմաքաղաքական մտադրությամբ չեն պայմանավորված»։
Զեկույցի կանխատեսում-գնահատականները ներկայացված են նաև տոկոսային արտահայտությամբ։ Այդպես օրինակ, «գրեթե անհավանական է» ձևակերպման հավանականությունը 10-ից 20% է, «քիչ հավանականը»՝ 20-ից 35%։
Արտաքին հետախուզության ծառայության համապարփակ վերլուծությունը ցույց է տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա բացասաբար ազդող և ռիսկային գործոն են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող, այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթն ու դրան ուղեկցող գործողությունները։ Ծառայության վերլուծությունը ցույց է տալիս, որ վաշինգտոնյան հռչակագրից հետո Բաքուն ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է այդ քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության և երկարաժամկետ խաղաղության համար։
2026 թվականին Ծառայության առաջնահերթ խնդիրներից է լինելու գնահատելը, թե որն է Ադրբեջանի կողմից «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» առաջ մղման պետական քաղաքականության իրական նպատակը։ Գնահատման ենթակա է լինելու մասնավորապես այն, թե արդյոք Ադրբեջանը, այդ թեման ազգային գաղափարախոսություն դարձնելով, մտադիր է որևէ նոր ձևաչափով հակամարտությունը տեղափոխել Հայաստանի տարածք, թե՞ այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» այս խոսույթն Ադրբեջանի արտաքին քաղաքական սակարկման և մասնավորապես՝ Ղարաբաղի հայերի վերադարձի թեմային հակազդելու գործիքակազմի մաս է։
Այս առնչությամբ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ասում է, որ Հայաստանը թեմային մշտապես արձագանքել է։
«Նաև միջազգային հարթակներում է ամենաբարձր մակարդակով հնչեցվել, որ դա օգտակար չէ խաղաղության գործընթացի համար հատկապես նոր իրողություններում։ Անընդհատ այս մեսիջը տալիս ենք Ադրբեջանին, որ սա չի նպաստում այն պրոցեսներին որոնք հիմա տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Պետք է խոստովանեմ, որ որոշ առումով մեղմվել է, բայց այնուհանդերձ մենք պետք է փորձենք խաղաղության գործընթացին համապատասխանեցնել նաև խոսույթը։ Զեկույցն ամբողջ տարվա վերաբերյալ է, և նախորդ տարվա տարբեր դրվագներում այդ խոսույթն ակտիվացել, է և արտաքին հետախուզության ծառայությունը դա որպես որոշակի սպառնալիք է արձանագրել»։
2025-ի դեկտեմբերի սկզբին վարչապետը Ադրբեջանին համատեղ ճանապարհային քարտեզ մշակելու և երկու խնդրահարույց թեմաները փակելու առաջարկ արեց։ Խոսքը Ադրբեջանից հնչող «Արևմտյան Ադրբեջան» և Հայաստանից հնչող «ԼՂ բնակիչների վերադարձ» ձևակերպումների մասին էր։
«Ես ասում եմ` եկեք նստենք միջոցառումների ճանապարհային քարտեզ մշակենք այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Այդ թեման հանել, նշանակում է երկարաժամկետ, ռազմավարական առումով ընդհանրապես բացառել որևէ կոնֆլիկտային իրավիճակ։ Բաց, հրապարակային, մեր Ղարաբաղի ժողովրդին էլ եմ ասել, որովհետև ասում են` բա պիտի վերադառնանք։ Ես ասել եմ` դա իրատեսական չէ»։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը բացառում է, որ Ադրբեջանի խոսույթը բանակցությունների առարկա դառնա։
«Այդ խոսակցությունը որևէ փուլում էլ Հայաստանի իշխանությունները չի քննարկի, հատկապես այնպիսի շեշտադրումներով, ինչպես խոսել է տևական ժամանակ Ադրբեջանը, դա ընդհանրապես չի նպաստում խաղաղության մթնոլորտին, ուստի սա մի թեմա է, որը չարժե արծարծել։ Մենք ավելի լայն օրակարգեր ունենք երկկողմ հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից, և պետք է կենտրոնանալ այդ աշխատանքի վրա»։
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունն արձանագրել է նաև Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը։ Սա ռիսկային գնահատելու հիմքում ոչ միայն ռազմական հատկացումների ցուցանիշներն են, այլև աճի տեմպերը։ Ըստ զեկույցի՝ դրանք մի քանի անգամ գերազանցում են այլ ոլորտներում հատկացումների աճի տեմպերը։ 2026-ին, մասնավորապես, Ադրբեջանում ռազմական հատկացումները 2023-ի համեմատ աճել են շուրջ 44 տոկոսով։
Սրանով հանդերձ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գնահատմամբ՝ 2025-ին փոխվել է Հայաստանի անվտանգային ամբողջ միջավայրն ու ըստ այդմ՝ նաև սպառնալիքների բնույթը։
«Եթե այլևս կարճաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով ռազմական սպառնալիք չկա, ապա հիբրիդային սպառնալիքների վտանգը մի քանի անգամ ավելացել է և Հայաստանը, ամենայն հավանականությամբ, մոտակա 5-6 ամիսների ընթացքում ավելի շատ բախվելու է հիբրիդային սպառնալիքների։ Անկեղծ լինեմ, նաև սա է եղել պատճառը որ մենք հետաձգել ենք Ազգային անվտանգության ռազմավարության հրապարակման գործընթացը, որովհետև մենք տեսել ենք՝ օգոստոսի 8-ը ամբողջովին մեր անվտանգային միջավայրը փոխել է, մենք այս նոր անվտանգային միջավայրում ապրելու փորձ չունենք, նաև սպառնալիքների բնույթը սկսում է փոխվել և մեզ անհրաժեշտ է որպեսզի որոշակի ժամանակ փորձ ձեռք բերենք, տեսնենք, թե ինչպես ենք արձագանքելու այդ սպառնալիքներին»։
Արտաքին տարբեր դերակատարների կողմից իրականացվող ազդեցության գործողությունները, մեծ հավանականությամբ, կդառնան ավելի ընդգրկուն, բարդ և մասշտաբային․ 2026–ին Հայաստանին ուղղված հիբրիդային սպառնալիքներն այսպես է բնութագրում Արտաքին հետախուզության ծառայությունը։ «Մեծ հավանականություն» ձևակերպումը, ըստ կառույցի գնահատման սանդղակի՝ համապատասխանում է մինչև 90% հավանականության։ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանն ասում է՝ պետք է հաշտվենք այն մտքի հետ, որ հիբրիդային սպառնալիքները, ինչպես համավարակները մեզ ուղեկցելու են ամբողջ կյանքի ընթացքում։
«Մենք չպետք է մտածենք, որ ընտրությունները հիմա կավարտվեն, մենք բոլորս հանգիստ կգնանք մեր գործին։ Ո՛չ, հիբրիդային սպառնալիքները ընտրությունները կօգտագործեն որպես կանխատեսելի ժողովրդավարական գործընթացներ, որի կանոնների շրջանակում հիբրիդային գործիքակազմը կունենա առավել մեծ էֆեկտիվություն։ Դրանք կարող են համադրվել տնտեսական գործողություններով՝ հրահրելու կամ ուղղորդելու բիզնես սեկտորի ընտրողների ընտրությունը, ազդելու այդ ընտրության վրա։ Դա կարող է դրսևորվել գործակալական ցանցերի ազդեցության մարդկանց ակտիվացման կուլտիվացման կազմակերպման, աջակցության ֆինանսավորման, տարբեր ձևերով։ Հատկապես օգտագործելով երիտասարդության շատ դեպքերում անտեղյակությունը քաղաքական գործընթացներից»։
Արտաքին հետախուզության ծառայության զեկույցի համաձայն՝ 2026 թվականին, մեծ հավանականությամբ, նոր առաջընթաց կգրանցվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացում, երկկողմ առևտրատնտեսական նախաձեռնությունների, հասարակությունների երկխոսության, հումանիտար և այլ հարցերում։
Մինչև 90% հավանականության է գնահատվում նաև տարածաշրջանում տնտեսական ու ենթակառուցվածքային ծրագրերի դրական դինամիկան։