20 հունվարի 2026 – 14:42 AMT
PanARMENIAN.Net – Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը չի կարող անդամակցել ԵՄ-ին՝ միաժամանակ լինելով ԵԱՏՄ անդամ:
Նա հավելել է, որ հայ ժողովուրդը ստիպված կլինի ընտրություն կատարել, գրում է ՌԻԱ Նովոստին:
«ԵՄ անդամակցության ուղղությամբ շարժվելը, իհարկե, չի կարող համատեղելի լինել ԵԱՏՄ-ում անդամակցությունը պահպանելու հետ։ Եթե Հայաստանը կայացնի համապատասխան որոշում, ինչպես ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դա տեղի կունենա ըստ հայ ժողովրդի կամարտահայտության, դա Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքն է։
Իհարկե, հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը պետք է ընտրություն կատարեն։ Սակայն համատեղել մասնակցությունը երկու կառույցին հնարավոր չէ, դա բացառված է»,- ասել է Լավրովը Ռուսաստանի դիվանագիտության գործունեության 2025թ․ ամփոփիչ մամուլի ասուլիսում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով քննարկման ժամանակ հայտարարել է, որ ՀՀ-ն միանշանակ և աներկբա կերպով ցանկանում է դառնալ Եվրամիության լիիրավ անդամ և գնում է Հայաստանը ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր դարձնելու ճանապարհով:
«Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ չենք կարող միևնույն ժամանակ լինել ԵՄ անդամ և ԵԱՏՄ անդամ: Բայց հիմա ուրիշ իրողություն է պարզվում, որ, այնուամենայնիվ, տարածք կա և՛ այս ճանապարհով գնալու, և՛ ԵԱՏՄ անդամ լինելու համար: Եվ մենք այսօր այդ տարածքի մեջ ենք: Մենք հստակ հայտարարում ենք, որ գնում ենք այս ճանապարհով: Մենք ԵԱՏՄ անդամ ենք, ինչը նշանակում է, որ այս կետում անհամատեղելիություն չկա: Հետևաբար, այնքան, ինչքան համատեղելիությունը հնարավոր կլինի, մենք կշարունակենք մնալ ԵԱՏՄ անդամ: Երբ համատեղելիության անհնարինություն լինի, մենք Հայաստանի քաղաքացիների հետ կկայացնենք որոշում, որը կբխի Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազատ կամարտահայտությունից»,-շեշտել է վարչապետը: