Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջան – Armenia Today

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է ամերիկացի Ալեքս Միքելսենին և դուրս եկել Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) երկրորդ շրջան։

Հանդիպումը տևել է 3 ժամ 55 րոպե և ավարտվել է 4:6, 6:4, 6:3, 5:7, 6:3 հաշվով՝ հօգուտ Խաչանովի։ Թենիսի պրոֆեսիոնալների ասոցիացիայի (ATP) վարկանիշում Խաչանովը զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը, Միքելսենը՝ 38-րդը։

Հաջորդ փուլում Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 242-րդ ռակետ ամերիկացի Նիշեշ Բասավարեդդին։ Խաղը կկայանա հունվարի 22-ին։ Թենիսիստները նախկինում հանդիպել էին 2025 թվականի օգոստոսին՝ ԱՄՆ-ի բաց առաջնության (US Open) առաջին շրջանում, որտեղ հաղթել էր Խաչանովը։

Australian Open-ը մրցաշրջանի առաջին «Մեծ սաղավարտ» մրցաշարն է, որի հանդիպումները անցկացվում են Մելբուռնում։ Մրցաշարը կավարտվի փետրվարի 1-ին։ Գործող չեմպիոնն աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիններն է։ Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 74,89 մլն դոլար։

Leave a Comment