Որպես կարեւոր դատավարական սկզբունք` օրենսգրքով ամրագրվում է դատավարական իրավունքների չարաշահման անթույլատրելիությունը: Ընդլայնվում է գրավոր ընթացակարգով քննության ենթակա գործերի ցանկը: Ներքին գործերի նախարարությանը վերապահվում է իր գործունեությանը վերաբերող որոշ իրավախախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկելու գործեր քննել, որոնք ներկայումս վերապահված են Վարչական դատարանին: Դատավարական առավել ճկուն ընթացակարգեր են նախատեսվում, օրինակ` դատավորների` տարբեր վարույթներում գտնվող գործերը միացնելու հնարավորություն, արագացված կարգով վճիռ կայացնելու նոր հիմքի նախատեսում, մասնավորապես` այն դեպքերում, եթե հայցվորը դատարան է դիմել ոչ պատշաճ հայցատեսակով, դատարանն առաջարկել է ոչ ճիշտ հայցատեսակը փոխարինել ճիշտ հայցատեսակով, բայց դրանից հետո հայցվորը հետաքրքրություն չի ցուցաբերել եւ չի փոխարինել հայցատեսակը:
Վերոնշյալ կարգավորումներն ԱԺ հերթական նիստում ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը: Նա առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Վարչական դատավարության եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները:
Պարզեցվում են մի շարք դատավարական ընթացակարգեր: Դատական կազմի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է այն դեպքում, երբ վիճարկվում է նորմատիվ իրավական ակտի իրավաչափությունը, ներկայիս 5 դատավորի կազմով գործը քննելու փոխարեն այն քննվի 3 դատավորի կազմով, որ մյուս երկու դատական կազմերը կարողանան ներգրավվել այլ գործերում եւս:
Օրենքում որոշակի հստակեցումներ են կատարվում, որ վարչական դատավարության գործարկված էլեկտրոնային համակարգը կարողանա ավելի լավ աշխատել:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում փաթեթը լավարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Հարցուպատասխանի ձեւաչափում անդրադարձ է եղել վարչական դատարանների ծանրաբեռնվածության պատճառներին ու դրանց նվազեցմանն ուղղված քայլերին, այս հարցում միջազգային փորձի ուսումնասիրությանը: Խնդիրների լուծման համատեքստում Վլադիմիր Վարդանյանը բարձրացրել է «Զրո ատյանի վարչական դատարան» ստեղծելու հայեցակարգի մշակման հարցը: Այդ մարմինն արագացված ընթացակարգով, առանց դատական քաշքշուկների կկարողանա վերանայել կայացված վարչական ակտերը: