Թրամփը մտադիր է քննարկել Գրենլանդիայի հարցը Դավոսում — Հայաստանի Հանրային Ռադիո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու իր մտադրության մասին, հաղորդում է Reuters-ը:

ԱՄՆ նախագահը լրագրողներին ասել է, որ մտադիր է «քննարկել Գրենլանդիան Դավոսում»: «Դանիան չի կարող պաշտպանել այն», — մեջբերել է գործակալությունը Թրամփի խոսքերը:

Ամերիկացի առաջնորդը վերահաստատել է իր նախկին պնդումը, որ Դանիայի կառավարությունը 20 տարվա ընթացքում չի կարողացել հաղթահարել Գրենլանդիայի համար այն սպառնալիքը, որ բխում է Ռուսաստանից:

Հունվարի 17-ին Թրամփը Truth Social-ում իր գրառման մեջ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կսկսի 10% մաքսատուրքեր սահմանել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Շվեդիայի նկատմամբ, որոնք ուժի մեջ կմնան մինչև կողմերը համաձայնության չգան Գրենլանդիայի հարցում: Այս որոշումը ուժի մեջ է մտնում փետրվարի 1-ից, իսկ հունիսի 1-ին մաքսատուրքի դրույքաչափը կբարձրանա մինչև 25%:

ԱՄՆ նախագահը քննադատել է Եվրոպայի՝ Գրենլանդիա զորքեր ուղարկելու մտադրությունը՝ այն անվանելով «շատ վտանգավոր խաղ»: Թրամփը պնդում է, որ կղզին ԱՄՆ-ին անհրաժեշտ է ազգային անվտանգությունն ամրապնդելու և ամերիկյան «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի արդյունավետ տեղակայման համար։

Գրենլանդիան Դանիայի կազմում ինքնավար տարածք է: 1951 թվականին Վաշինգտոնը և Կոպենհագենը, ՆԱՏՕ-ի շրջանակներում իրենց դաշինքային պարտավորություններից բացի, ստորագրել են Գրենլանդիայի պաշտպանության պայմանագիրը, որի համաձայն՝ Միացյալ Նահանգները պարտավորվել է պաշտպանել կղզին հնարավոր ագրեսիայից:

Leave a Comment