Ուրախ ենք, որ դատական համակարգը դեռեւս վերջնականապես չի վախճանվել. Դավիթ Համբարձումյանի կինը՝ դատարանի որոշման մասին

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումից ոգեւորվել էին ոչ միայն դատարանում հավաքված քաղաքապետի աջակիցները, այլ նրա ընտանիքի անդամները:

-Պետք է տնային կալանք չտային, բաց թողնեին, բայց անչափ գոհ են նրանցից, իրոք այս դատավորներին հալալ է, ասում էի՝ արդարություն եթե լինի, կթողնեն, իրոք եղավ: Տղաս գոնե տանը կլինի՝ իր 4 անչափահաս երեխաների կողքին կլինի,- լրագրողներին ասաց Մասիսի քաղաքապետի հայրը:

Մասիսի քաղաքապետի կինն էլ լրագրողներին ասաց՝ իրենք այսօր դատարան էին եկել արդար որոշման ակնկալիքով. «Եվ շատ ուրախ ենք, որ դեռեւս վերջնականապես դատական համակարգը չի վախճանվել»:

Համբարձումյանի կնոջ խոսքով՝ ամուսնու անազատության ընթացքում դժվար է եղել անչափահաս երեխաների համար, հատկապես փոքրիկը շատ է կարոտել ու անդադար հորից է հարցուփորձ արել տնեցիներից:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, կազմով դատավորներ Մակար Կիրակոսյանի, Սևակ Համբարձումյանի որոշեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոց կալանքը փոխարինել տնային կալանքով եւ գրավով:

Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը մեղավոր էր ճանաչվել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից եւ դատապարտվել ազատազրկման՝ 6 տարի 3 ամիս ժամկետով։ Համբարձումյանը մեղադրվում է իշխանափոխության օրերին դեպի Երևանի Հանրապետության Հրապարակ գնացող քաղաքացիներին զենքով բռնություն գործադրելու համար: 

 Ըստ իրավապահների՝ 2018-ի ապրիլի 22-ին ժամը 16-17-ի սահմաններում Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի բանուկ հատվածում տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել են Մասիսի քաղաքապետն ու նրա եղբայրը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Դավիթ Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment