Սուրբ Ծննդյան միջոցառումներ են Երուսաղեմում և Բեթղեհեմում։
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը Սուրբ Ծնունդը տոնում է Հին տոմարով` հունվարի 18 -19-ին։
Մեր հաջորդ ռեպորտաժը Սուրբ Հարության տաճարից է։ Հայ եկեղեցու ներկայացուցիչ հայր Տիրան Հակոբյանն անդրադառնում է ծննդյան արարողություններին և սրբատեղիներում հայության ներկայությանը։
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը մեծ հանդիսավորությամբ Սուրբ Ծննդյան արարողություններ է անցկացնում Սուրբ երկրի սրբատեղիներում։
Սուրբ Հարության տաճարում Սուրբ պատարագը Սուրբ գերեզմանին է մատուցվում․ տոնի հիմնական արարողությունները, սակայն, Բեթղեհեմում են՝ Քրիստոսի ծննդավայրում։
Երուսաղեմի հայոց պատրիարքության Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ և Սուրբ Հարության տաճարում հայ եկեղեցու ներկայացուցիչ Տեր Տիրան վարդապետ Հակոբյանը մանրամասնում է․
«Բեթղեհեմում Սուրբ Ծննդյան հրապարակից պատրիարք սրբազանի և տեղի պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիսավոր զանգերի և թափորի ուղեկցությամբ մուտք են գործում Սուրբ Ծննդյան տաճար, որից հետո արարողությունները շարունակվում են մինչև հաջորդ օրը՝ գրեթե մի ամբողջ օր»։
Քրիստոսի ծննդավայրում` Բեթղեհեմում, Սուրբ Ծնունդը տոնում են երեք անգամ՝ դեկտեմբերի 25-ին, հունվարի 7-ին, Երուսաղեմի հայոց պատրիարքությունն էլ՝ հունվարի 18-19-ին:
«Առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդի սուրբ Ծնունդն ու Ամանորը։ Թող աստված օրհնություն բերի մեր ժողովրդին: Եվ այստեղ մեր ծառայության ընթացքում ամենամեծ մաղթանքը միասնականությունն է, որ այս պահին ունենք, դրա համար ենք աղոթում, որպեսզի աստված իմաստություն տա մեր հոգևոր և աշխարհիկ այրերին՝ իմաստությամբ շարժվելու, պատասխանատու կերպով որոշումներ կայացնելու»:
Քրիստոնեական այս սրբատեղիներում հայերի ներկայությունը երկար պատմություն ունի, թեև նախաքրիստոնեական շրջանի մասին տեղեկությունները կցկտուր են։ Սուրբ Հարության տաճարում հայ եկեղեցու ներկայացուցիչը նշում է՝ անշուշտ, առևտրական կապերի բերումով Սուրբ երկիրը ծանոթ էր հայությանը, քանի որ տարանցիկ ուղի էր դեպի Արևելք։
Իսկ Քրիստոնեության պետականացումից հետո հայերի ներկայությունը Երուսաղեմում ավելի ակնառու դարձավ։
«Ճիշտ այդ ժամանակահատվածում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի Երուսաղեմ գալով, ավելի ամրապնդվեց հայության ներկայությունը։ Եվ հաշվի առնելով արդեն մեր քրիստոնյա լինելը՝ Կոնստանդիանոս թագավորի հրամանով հայությանը հատուկ տեղ տրվեց սուրբ քաղաքի Սիոն լեռան հատվածում, որտեղ այսօր մեր հայկական թաղամասն է, Սրբոց Հակոբյանց մայր տաճարը, հիմնադրվեց հայության կենտրոնը»։
Այդ շրջանից ի վեր սուրբ Հակոբի շուրջ սկսվեց հայկական վանական համալիրի ձևավորումը։ 638 թվականին Աբրահամ առաջին պատրիարքի նախաձեռնությամբ հիմնադրվեց Սրբոց Հակոբյանց միաբանությունը, որն ամենահինն է և գործում է մինչև այսօր։
«Դրանից հետո մեր միաբանությունը սկսեց ավելի լայնորեն դիրքեր ձեռք բերել հատկապես սրբատեղիներում։ Հետագայում արդեն Կիլիկյան թագավորության շրջանում և խաչակրաց արշավանքների հետևանքով հայությունը սկսեց ավելանալ այստեղ։ Եւ բնականաբար, երբ ունես ժողովուրդ , ավելի մեծ դիրք ունես։ Չնայած Կիլիկյան Հայաստանի կործանումից հետո մեր դիրքերը մի քիչ նվազեցին, կանգնեցինք դժվարությունների առաջ, բայց մեր ժողովրդի միահամուռ ուժերով, նաև ուխտագնացությունների շնորհիվ, պահպանվեց կարևոր ներկայությունն այս երկրում։ Իսկապես երախտապարտ ենք մեր հայազգի զավակներին, ովքեր ամեն ինչ արեցին, որպեսզի մեր ներկայությունն այս երկրում մնա մինչ այսօր»։
Սուրբ երկրում հայության ներկայությունը վայրիվերումներով է ընթացել։ Ժամանակ առ ժամանակ այն քաղաքական երանգ է ստացել, պարբերաբար հանգեցրել հայերի արտագաղթի, իսկ ներգաղթի ամենամեծ ալիքը, թերևս, Ցեղասպանությունից հետո և խորհրդային կարգերի փլուզումից հետո էր։
«Հիմա մեր դիրքերը բավական ամուր են՝ հաշվի առնելով, որ գլխավոր սրբատեղիներում մենք կարևոր իրավական ներկայություն ունենք․ առանց մեր եկեղեցու որևէ լուրջ հարց, նույնիսկ փոքր հարց չի որոշվում։ Եվ գլխավոր սրբատեղիները՝ սուրբ Հարության տաճարն է, որ համաքրիստոնեական մեծագույն սրբատեղին է, Սուրբ Ծննդյան տաճարը Բեթղեհեմում և Սուրբ Աստվածածնի տաճարը Գեթսեմանի պարտեզում։ Այս երեք սրբատեղիներում մենք մեծ ներկայություն ունենք։ Եվ դա արարողություններով է»։
Հայ հոգևորականներն ամեն օր Սուրբ Պատարագներ են մատուցում, ժամերգություններ կատարում և հանդիսավոր արարողություններ անցկացնում։ Յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի երեկոյան կաթոլիկների հետ համատեղ թափոր է կազմակերպվում, որը հոգևոր երգեցողությամբ ու աղոթքներով անցնում է Սուրբ Հարության տաճարի գլխավոր սրբատեղիներով։
Նման արարողություն, օրինակ, հույները չունեն։ Հայոց պատրիարքը տարվա ընթացքում մի քանի անգամ հանդիսավոր Սուրբ Պատարագ է մատուցում Տիրոջ գերեզմանին։
Ավանդական դարձած այս արարողություններն ակներև ու խոսուն վկայությունն են հայության դարարվոր ու կարևոր ներկայության Սուրբ երկրում։