Մեծ սկանդալ եզրափակչում․ Սենեգալը՝ Աֆրիկայի ազգերի գավաթակիր

Աֆրիկայի ազգերի գավաթի 2025 թվականի եզրափակիչ հանդիպումը Սենեգալի և Մարոկկոյի հավաքականների միջև վերածվել է դրամայի՝ լի սկանդալներով։

Դեռ խաղից առաջ Սենեգալի հավաքականը դժգոհություն էր հայտնել կազմակերպչական խնդիրների վերաբերյալ։ Ռաբատի «Արքայազն Մուլա Աբդուլլա» մարզադաշտը տեղավորում է 69,500 հանդիսական, սակայն սենեգալցի երկրպագուներին տրամադրվել էր 3000-ից պակաս տոմս։

Հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեներին Կոնգոյի ԴՀ-ն ներկայացնող մրցավար Ժան-Ժակ Նգամբո Նդալան կայացրեց երկու վիճարկելի որոշում։

90+2-րդ րոպեին մրցավարը չի արձանագրել սենեգալցիների խփած գոլը։ Նա համարել է, որ Աբդուլայ Սեկը կանոնները խախտել է Աշրաֆ Հակիմիի նկատմամբ մինչ գնդակը ցանցն ուղարկելը։ Մրցավարը թույլ է տվել սխալ՝ սուլելով նախքան գնդակի՝ դարպասային գիծը հատելը, ինչը VAR-ին զրկել է միջամտելու իրավունքից։

90+8-րդ րոպեին VAR-ի միջամտությունից հետո մրցավարը 11-մետրանոց է նշանակել Սենեգալի դարպասին՝ Մալիկ Էլ-Հաջի Դիուֆի կողմից Բրահիմ Դիասին գցելու համար։

Սենեգալի հավաքականի գլխավոր մարզիչ Պապ Տիավը, ի նշան բողոքի, թիմին տարել է հանդերձարան։ Խաղն ընդհատվել է։ Իրավիճակը փրկել է թիմի առաջատար Սադիո Մանեն, ով մնացել էր խաղադաշտում։ Նա գնացել է հանդերձարան և համոզել թիմակիցներին ու մարզչին վերադառնալ խաղադաշտ։

Սենեգալցիների վերադարձից հետո Մարոկկոյի կիսապաշտպան Բրահիմ Դիասը մոտեցել է 11-մետրանոց նշակետին։ Սենեգալի դարպասապահ Էդուարդ Մենդին հեշտությամբ որսացել է գնդակը։ Հիմնական ժամանակն ավարտվել է 0:0 հաշվով։

Հանդիպման ճակատագիրը վճռվել է լրացուցիչ ժամանակում։ Լրացուցիչ ժամանակի 4-րդ րոպեին Սենեգալի հավաքականի կիսապաշտպան Պապ Գույեն խփել է հողթական գոլը։

Սենեգալի և Մարոկկոյի հավաքականները նախկինում մեկական անգամ էին նվաճել Աֆրիկայի գավաթը (համապատասխանաբար՝ 2021 և 1972 թվականներին):

Leave a Comment