Սթարմերը Թրամփին ասել է, որ եվրոպական երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու որոշումը սխալ է

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում սխալ է անվանել նրա որոշումը՝ Գրենլանդիայի շուրջ տարաձայնությունների պատճառով եվրոպական ութ երկրների, այդ թվում՝ Միացյալ Թագավորության նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին։Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

«Վարչապետն այսօր երեկոյան մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել։ Նա զրուցել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի,  Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Այնուհետև նա զրուցել է նախագահ Թրամփի հետ»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հեռախոսազրույցների ընթացքում Սթարմերը վերահաստատել է իր դիրքորոշումը Գրենլանդիայի վերաբերյալ։ Նա ասել է, որ Վերին Հյուսիսում անվտանգությունը ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համար առաջնահերթություն է՝ եվրաատլանտյան շահերը պաշտպանելու համար։

Նա նաև ասել է, որ կոլեկտիվ անվտանգությունն ապահովելու համար դաշնակիցների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելը սխալ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a Comment