Արցախի հայտնի «Տատիկ-պապիկ»՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի հեղինակ քանդակագործ Սերգեյ Բաղդասարյանի որդին՝ Աշոտ Բաղդասարյանը, դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ բարձրաձայնելով հեղինակային իրավունքի խախտման հարցը։ Երկու վարույթ է հարուցված՝ հեղինակային իրավունքի խախտման եւ ժառանգության վիճարկման վերաբերյալ։
Սերգեյ Բաղդասարյանի իրավահաջորդ Աշոտ Բաղդասարյանի փաստաբան Անի Դավթյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց, որ վեճը սուրճ արտադրող «Կաֆֆա» ընկերության հետ է, քանի որ այս ընկերությունը իր «Տատի» եւ «Պապի» անունով արտադրանքի փաթեթավորման վրա առանց թույլտվության պատկերել է «Մենք ենք, մեր սարերը» քանդակի պատկերը, բայց աղավաղված։ Ընկերության «Պապի» անունով արտադրանքի վրա պատկերված է միայն պապիկի պատկերն առանձին, իսկ «Տատի» արտադրանքի վրա՝ տատիկի պատկերը։
«Այս ընկերությունն երկար տարիներ քանդակն առանց թույլտվության օգտագործում է իր արտադրանքի վրա։ Իրենց մոտ ոչ թե քանդակն ամբողջությամբ է, այլ կիսած է, ինչը համաձայնեցված չի եղել։ Առհասարակ ստեղծագործությունը փոփոխելն ու փոփոխած օգտագործելը ոչ գույքային իրավունքների խախտում է, այսինքն՝ ստեղծագործությունը աղավաղել են։ Մեր պահանջը դատարանում բավականին պարզ է՝ մենք ուզում ենք, որ ուղղակի չօգտագործեն քանդակը։ Ֆինանսական պահանջ չունենք, մեր պահանջն այն է, որ պարզապես չօգտագործեն»,- ասաց փաստաբանը։
Անի Դավթյանը նշեց՝ քանի որ քանդակագործը ոչ թե իրական անունով է հանդես եկել, այլ կեղծանունով՝ Սարգիս Սերգեյի Բաղդասարյան, դա խնդիր է, որը դատարանում բարձրաձայնում է մյուս կողմը։ «Մասնավորապես, իրենք ասում են՝ մենք չենք կարող պնդել, որ դա նույն անձն է, չենք կարող պնդել, որ այս քանդակն այդ անձն է ստեղծել։ Ասում են՝ Հայաստանում մեծամասամբ ոչ ոք չգիտի, թե այդ քանդակն ով է ստեղծել։ Իսկ այս պահին դատարանում փորձում են վիճարկել նաեւ ժառանգության հարցը։ Այսինքն՝ քանդակագործի որդու ժառանգությունն են վիճարկում»,- նշեց նա։
Անի Դավթյանն ասում է, որ եթե քանդակի հեղինակի որդին չի ցանկանում, որ այդ քանդակի պատկերն օգտագործեն տարբեր արտադրանքի վրա, պետք է հարգել նրա դիրքորոշումն ու չօգտագործել։ Նա նշեց, որ առաջիկայում այլ անձանց կամ ընկերությունների կողմից հեղինակային իրավունքի խախտման դեպքերին եւս անդրադառնալու են․ «Էլի կան դեպքեր, որոնք առանձնացրել ենք, մոտակա ժամանակահատվածում պետք է ծանուցում ուղարկենք, որպեսզի կամ համաձայնեցնելով լինի քանդակի օգտագործումը, կամ եթե չեն համաձայնեցնում, պարզապես չօգտագործեն»։
Պատրաստ ենք հրապարակել նաեւ «Կաֆֆա» ընկերության տեսակետը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: