Որոնք են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության փուլերը

Iravaban.net–ը ներկայացնում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության փուլերը։

Հոդված 42. Ավարտված և չավարտված հանցագործությունները

1. Դիտավորյալ հանցագործությունը կարող է անցնել երեք փուլ` հանցագործության նախապատրաստություն, հանցափորձ և ավարտված հանցագործություն:

2. Հանցագործության նախապատրաստությունը և հանցափորձը համարվում են չավարտված հանցագործություններ:

3. Դիտավորյալ հանցագործությունը համարվում է ավարտված, եթե պարունակում է հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված հանցակազմի բոլոր հատկանիշները:

4. Հանցագործության նախապատրաստությունը և հանցափորձը որակվում են սույն օրենսգրքի Հատուկ մասի նույն հոդվածով, ինչ ավարտված հանցագործությունը` հղում կատարելով սույն օրենսգրքի 43-րդ կամ 44-րդ հոդվածին:

Հոդված 43. Հանցագործության նախապատրաստությունը

1. Հանցագործության նախապատրաստություն է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելու համար գործիք կամ միջոց ձեռք բերելը, գործիքը կամ միջոցը հարմարեցնելը կամ դիտավորությամբ այլ պայման ստեղծելը, եթե անձն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողանում սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը:

2. Եթե դիտավորությամբ հանցանք կատարելու համար գործիք կամ միջոց ձեռք բերելը, գործիքը կամ միջոցը հարմարեցնելը կամ դիտավորությամբ այլ պայման ստեղծելն այլ ավարտված հանցագործության հատկանիշներ է պարունակում, ապա արարքը որակվում է հանցագործությունների համակցությամբ:

Հոդված 44. Հանցափորձը և դրա տեսակները

1. Հանցափորձ է համարվում դիտավորյալ այն գործողությունը կամ անգործությունը, որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն և պարունակում է սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, սակայն անձի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվում տվյալ հանցակազմի որևէ հատկանիշի բացակայության հետևանքով:

2. Եթե հանցափորձի ժամանակ հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված վնասից ավելի փոքր վնաս է պատճառվում, քան ընդգրկված էր դիտավորության մեջ, ապա դա կլանվում է անձի դիտավորության մեջ:

3. Եթե հանցափորձն իրականացնելիս հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված օբյեկտին անզգուշությամբ ավելի մեծ վնաս է պատճառվում, քան ընդգրկված էր դիտավորության մեջ, կամ անզգուշությամբ կամ անուղղակի դիտավորությամբ վնաս է պատճառվում մեկ այլ օբյեկտի, ապա արարքը որակվում է հանցագործությունների համակցությամբ:

4. Հանցափորձը լինում է ավարտված և չավարտված:

5. Հանցափորձը համարվում է ավարտված, եթե անձը կատարում է այն արարքը, որն անհրաժեշտ ու բավարար էր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունն ավարտին հասցնելու համար, և գիտակցում է, որ հանցագործությունն ավարտին է հասել, կամ հանցագործությունն ավարտելու համար արարքը շարունակելու անհրաժեշտություն չկա:

6. Հանցափորձը համարվում է չավարտված, եթե անձը գիտակցում է, որ հանցագործությունն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է շարունակել սկսած արարքի կատարումը կամ նոր արարք կատարել:

Leave a Comment