Փոփոխություններ և լրացումներ կկատարվեն «Ներքին աուդիտի մասին» օրենքում

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված «Ներքին աուդիտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Առաջարկվող կարգավորման նպատակն է ապահովել Օրենքի արդիականացումը՝ այն համահունչ դարձնելու միջազգային չափանիշներին և ոլորտի վերջին զարգացումներին:

«Ներքին աուդիտի մասին» օրենքը սահմանում է հանրային հատվածի կազմակերպությունների ներքին աուդիտի սկզբունքները, բնույթը, շրջանակը, համակարգը, ներքին աուդիտի մասնակիցների հիմնական իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կարգավորում է ներքին աուդիտի կազմակերպման և գործունեության հետ կապված հիմնական հարաբերությունները:

Վերջին տարիներին տեղի են ունեցել որոշ փոփոխություններ, վերանայվել են միջազգային լավագույն փորձի հիմնական մոտեցումները: Մասնավորապես՝ Ներքին աուդիտորների գլոբալ ինստիտուտի (IIA Global) կողմից փոփոխվել է Մասնագիտական գործունեության միջազգային հայեցակարգը (IPPF), այդ թվում՝ ներքին աուդիտի միջազգային ստանդարտները (Global Internal Audit Standards™), թեմատիկ պահանջները (Topical Requirements) և ուղեցույցները (Global Guidance)։

Այս փոփոխությունների հիման վրա ՀՀ կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 9-ի N 1449-Ն որոշմամբ փոփոխվել է ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1233-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված ՀՀ ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտները:

Ստեղծված իրավիճակում գործող Օրենքը մի շարք դրույթներով այլևս չի համապատասխանում արդիական և միջազգային չափանիշներին, ինչի արդյունքում առաջացել է Օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի.

  • ՀՀ-ում ներքին աուդիտի համակարգի արդիականացում
  • ՀՀ հանրային հատվածի ներքին աուդիտի գործառույթի իրականացում՝ միջազգային նոր չափանիշներին համահունչ,
  • ՀՀ ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտների արդյունավետ կիրառում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 2021թ. նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման Հավելված N 1–ի «Ֆինանսների նախարարություն» բաժնի 14-րդ կետից:

Նախագծով առաջարկվող փոփոխությունները

Հոդված 1. «Ներքին աուդիտի մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-17-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» և «զ» ենթակետերով

«ե պետության կամ համայնքի կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կամ պետության կամ համայնքների՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից ստեղծված հիմնադրամներ կամ ձևավորված միավորումներ (միություններ),

զ պետական կամ համայնքային ոչ առևտրային կամ պետության կամ համայնքների՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների վերակազմակերպման միջոցով վերակազմավորված հիմնադրամներ»

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«2) Ներքին աուդիտ` անկախ, անաչառ հավաստիացման և խորհրդատվական ծառայություն, որը նախատեսված է արժեք ավելացնելու և կազմակերպության գործընթացները բարելավելու համար: Այն օգնում է կազմակերպությանը իրագործել իր նպատակները՝ համակարգված, հետևողական մոտեցմամբ գնահատելով և բարելավելով կազմակերպության ռիսկերի կառավարման, հսկողության ու կառավարչական գործընթացների էֆեկտիվությունը։

Ներքին աուդիտն իրականացվում է ներքին աուդիտի ծրագրերի հիման վրա` կազմակերպության ղեկավարությանը հավաստիացման կամ խորհրդատվական ծառայություններ մատուցելու միջոցով.»

3) 17-րդ կետը և 18-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2 Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1. Ներքին աուդիտն իրականացվում է՝ հիմք ընդունելով ներքին աուդիտի սկզբունքներն ու ստանդարտները։»։

Հոդված 3 Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«2. Ներքին աուդիտը կարող է իրականացվել տվյալ կազմակերպության կառուցվածքում գործող ներքին աուդիտի ստորաբաժանման կամ ծառայության արտապատվիրակման կամ դրանց որոշակի համադրության ձևով` սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ցանկում ընդգրկված անձանց կողմից: Ներքին աուդիտի կազմակերպման ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»։

Հոդված 4 Օրենքի 8-րդ հոդվածում՝

1)     1-ին մասի 1-ին կետից հանել «ներքին աուդիտորների վարքագծի կանոններին,» բառերը

2)    2-րդ մասի 1-ին կետից հանել «ռազմավարական և տարեկան» բառերը։

Հոդված 5 Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը և 4-րդ մասի 1-ին կետը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 6 Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունից հանել «երեք տարվա» բառերը։

Հոդված 7 Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«1) ներքին աուդիտի ստանդարտները, ինչպես նաև սկզբունքները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Ընդ որում՝ դրա համար հիմնականում հիմք է ընդունվում Ներքին աուդիտորների գլոբալ ինստիտուտի (IIA Global) Մասնագիտական գործունեության միջազգային հայեցակարգը (IPPF), այդ թվում՝ ներքին աուդիտի միջազգային ստանդարտները (Global Internal Audit Standards™), թեմատիկ պահանջները (Topical Requirements) և ուղեցույցները (Global Guidance)։»։

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

Հոդված 9. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում:

Նախագիծը հանրային քննարկման համար բաց է մինչև 2026 թվականի հունվարի 31-ը։

Leave a Comment