ԱՄՆ-ն մտադիր է ընդլայնել «Խաղաղության խորհրդի» գործունեությունը` ներառելով Ուկրաինան. Financial Times

ԱՄՆ-ն քննարկում է Գազայի հատվածի համար ստեղծված «Խաղաղության խորհուրդն» ընդլայնելու հնարավորությունը՝ ներառելով Ուկրաինան, Վենեսուելան, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի, ծրագիրը կարող է ներկայացվել հունվարի 20-ին մեկնարկող Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարած «Խաղաղության խորհուրդը» կենտրոնացած է Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության վրա։
FT-ի համաձայն՝ ամերիկացի պաշտոնյաները քննարկում են դրա աշխարհագրական ընդլայնումը, սակայն մի շարք արևմտյան և արաբ դիվանագետներ մտահոգված են, որ կառույցը կարող է վերածվել ՄԱԿ-ին զուգահեռ գործող մեխանիզմի։

Վենեսուելա և Ուկրաինա

Դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ Վաշինգտոնն առաջարկել է «Խաղաղության խորհրդի» ձևաչափն օգտագործել նաև Վենեսուելայի ճգնաժամը կարգավորելու համար՝ ԱՄՆ-ի կողմից նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու գործողությունից հետո առաջացած լարվածության ֆոնին։

Ուկրաինայի վերաբերյալ Կիևի բարձրաստիճան պաշտոնյան FT-ին ասել է, որ առանձին «խաղաղության խորհրդի» ստեղծումը դիտարկվում է Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու առաջարկների շրջանակում։

Նրա խոսքով՝ քննարկվող հարթակը պետք է ներառի Ուկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ և վերահսկի 20 կետանոց խաղաղության ծրագրի իրականացումը, որը, ըստ Զելենսկու, «90% պատրաստ» է։

FT-ի տվյալներով՝ բանակցություններում հիմնական տարաձայնությունը շարունակում է մնալ Ուկրաինայի տարածքային հնարավոր զիջումների հարցը, որը Կիևն անընդունելի է համարում, մինչդեռ Մոսկվան չի հրաժարվում իր պահանջներից։

Leave a Comment