Գևորգ եպիսկոպոս Սարոյանի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն հեռացնելու վերաբերյալ ներկայացված հայցն իրավական տեսանկյունից քիչ հավանական է, որ դատարանը բավարարի․ ABC Media-ի հետ զրույցում նշեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Փաստաբանի խոսքով՝ նման գործընթացը հակասում է Սահմանադրությանը, քանի որ այն հստակ սահմանում է Եկեղեցու և պետության բաժանումը, և աշխարհիկ իշխանությունը չի կարող միջամտել Եկեղեցու ներքին կառավարմանն ու կանոնակարգումներին։
«Խոսքը չի վերաբերում սովորական աշխատանքային հարաբերություններին։ Հոգևորականի գործունեությունը կարգավորվում է Եկեղեցու ներքին կանոններով, ոչ թե աշխատանքային օրենսգրքով։ Այդ պատճառով դատարանն իրավական հիմք չունի քննարկելու Վեհափառ Հայրապետի նման որոշումները»,- նշեց Ֆարմանյանը։
Նա ընդգծեց, որ Մայր Աթոռում աշխատում են նաև աշխարհիկ անձինք, որոնց հետ Եկեղեցին ունի աշխատանքային իրավահարաբերություններ, և նման դեպքերում հնարավոր է դիմել դատարան։ Սակայն տվյալ դեպքում հարցը վերաբերում է հոգևոր թեմի առաջնորդությանը, ինչը բացառապես Եկեղեցու ներքին իրավասության շրջանակում է։
«Եթե այս տրամաբանությամբ փորձենք Վեհափառ Հայրապետի որոշումները վարչական դատարանում վիճարկել, կստացվի իրավական աբսուրդ»,- ասաց փաստաբանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու։