Լեգենդար իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը «խոր ափսոսանքով» հերքել է նախկին աշխատակցուհիների նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու վերաբերյալ մեղադրանքները․ գրում է Euronews-ը։
«Ես հերքում եմ, որ որևէ կնոջ նկատմամբ բռնություն եմ գործադրել, հարկադրել կամ անհարգալից վերաբերմունք եմ դրսևորել։ Այս մեղադրանքները բացարձակապես կեղծ են և մեծ տխրություն են պատճառում ինձ», – Instagram-ի իր էջում գրել է երգիչը։
Իգլեսիասը հավելել է, որ իր նկատմամբ «դեռ երբեք նման չարություն չէր զգացել», նշելով, սակայն, որ դեռ «ուժ» ունի «ամբողջ ճշմարտությունը» բացահայտելու և պաշտպանելու իր արժանապատվությունը։
«Ես չեմ կարող մոռանալ այնքան շատ սիրելի մարդկանց, որոնք ինձ սիրո և հավատարմության հաղորդագրություններ են ուղարկել։ Ես մեծ մխիթարություն եմ գտել նրանց մեջ», – եզրափակել է Իգլեսիասը։
Հիշեցնենք, որ elDiario.es լրատվական կայքի և իսպանալեզու Univision Noticias հեռուստաալիքի եռամյա համատեղ հետաքննությունից հետո օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ Իգլեսիասի կարիբյան առանձնատներում աշխատած երկու աշխատակցուհի սեռական ոտնձգության է ենթարկվել երգչի կողմից։