Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 16-ի նիստում դրական եզրակացություն է տվել «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծին։
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 16-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով ներկայացրել է նախագծի հիմնական կարգավորումները։
Նախարարը ներկայացրել է նախագծի հիմնական կարգավորումները, որով սահմանվում են, թե ով է համարվելու անհայտ կորած անձ։ Անհայտ կորած անձ է համարվում զինծառայողը կամ զինծառայության մեջ չգտնվող այլ անձը, այդ թվում կամավորականը, որն անհետացել է ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում կամ հանգամանքներում, պաշտպանության գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ, կամ զինադադարի ընթացքում կամ ռազմական գործողություններին հաջորդող խաղաղ պայմաններում։
Ի՞նչ է սահմանվում նախագծով։
Անհայտ կորած անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների իրավունքները, այդ թվում անհայտ կորած անձի անհետացման պատճառների և հանգամանքների, գտնվելու դեպքում գտնվելու վայրի, մահվան դեպքում մահվան հանգամանքների, հուղարկավորման վայրի վերաբերյալ հավաստի տեղեկություններ ստանալու իրավունքը, մարմինը, մասունքները ստանալու իրավունքը և այլն։
Անհայտ կորած անձի հետախուզման համար դիմում ներկայացնելու ընթացակարգը, հետախուզման գործընթացին առնչվող դրույթներ, հետախուզման դադարեցման դեպքերը։ Այսպես նախագծի իմաստով անհայտ կորած անձի հետախուզման դիմումը ներկայացվում է լիազոր մարմին, ընտանիքի անդամի, պետական մարմնի կամ հասարակական կազմակերպության կողմից, որից հետո անհայտ կորած անձին վերաբերող տեղեկությունները մուտքագրվում են համապատասխան ռեեստր։