Կցանկանայի Սպերցյանին տեսնել առնվազն «Լացիոյում»․ Բայրամյան

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի խաղի մասին։

«Էդուարդ Սպերցյանի խաղն առանձնացել է դեռ փոքր տարիքից: Նա մեծ աշխատանքի շնորհիվ դարձավ «Կրասնոդարի» ավագը և թիմին օգնեց հասնել չեմպիոնության: Սպերցյանը Կրասնոդարի խորհրդանիշներից մեկն է, նրան սիրում է ամբողջ քաղաքը։ Այդ ամենը նա վաստակել է իր ուժերով:

Էդուարդը 25 տարեկան է և արդեն ժամանակն է, որ տեղափոխվի ավելի ուժեղ առաջնություն: Առաջարկն էլ պետք է ավելի լուրջ լինի. նա այն ֆուտբոլիստներից չէ, որ հանդես գա Իսպանիայի կամ Իտալիայի առաջնության 9-րդ կամ 10-րդ թիմերում: Կցանկանայի նրան տեսնել լավագույն 5 ակումբներից մեկում, եթե ոչ «Միլանում» կամ «Ինտերում», առնվազն «Լացիոյում»։ Սպերցյանին «Լացիոյի» մակարդակի խաղացող եմ համարում», – Բայրամյանի խոսքերը փոխանցում է championat.com-ը։

Այս մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 25 հանդիպման, դարձել 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 մլն եվրո։

Leave a Comment