Սպասված հանդիպում Երևանում․ վերադարձած տղաների հոգին Բաքվում մնացած պատանդների հետ է

Երեկ Հայաստան վերադարձած 4 հայ գերիներից 3-ն անցել են բժշկական բոլոր հետազոտություններն ու հոսպիտալացված չեն։ 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը «Նորք –Մարաշ» ԲԿ-ում է։ Բժիշկների խոսքով՝ նրա քրոնիկ  հիվանդությունը սրվել է։ Թեև հայ գերիների վերադարձից հետո հայտնի դարձավ, որ Հայաստանն ազատ է արձակել 2 սիրիացի վարձկանների, որոնք մեղադրվել էին պատերազմական հանցագործությունների մեջ և դատապարտվել ցմահ ազատազրկման, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու իրադարձությունները փոխկապակցված չեն։ Միջազգային իրավունքի մասնագետները, սակայն, երկու գործընթացների միջև կապ տեսնում են։

Այս անգամ Լինդա Էուլջեքջյանի արցունքները միայն երջանկությունից են։

«Ես միայն ուզում եմ ամուսնուս տեսնել, կարո՞ղ եմ գնալ»։

5 տարուց ավելի ամուսնուն՝ Վիգեն Էուլջեքչյանին միայն մտքով գրկած ու ամեն օր նրա ազատության համար աշխարհին, պատկան մարմիններին ու Աստծուն աղաչած Լինդան շտապում է։ Լիբանանից առաջին թռիչքով Երևան է հասել, երբ ամուսնու ազգանունը կարդացել է Բաքվից տուն վերադարձող 4 անձանց  անվանացանկում․

«Լինդան շտապում էր ամուսնուն տեսնելու, մանավանդ, որ երեկ Վիգենը չէր կարողացել կապի դուրս գալ։ Նաև նախկին փորձառությունը կար, որ 2 տարի առաջ Վիգենի անունը գրվել էր իբրև ազատ արձակված տղաների ցուցակում, բայց ազատ չէր արձակվել»։

2 ամսից Վիգենի ու Լինդայի որդու հարսանիքն է։ Լինդան օրերս հրապարակել էր ամուսնուց ստացած ձեռագիր նամակը, որտեղ վերջինս խնդրել էր հետաձգել որդու հարսանիքը՝ հույս ունենալով մասնակցել դրան։ «Նա իմ միակ որդին է, ուզում եմ տեսնել նրա հարսանիքը»,- գրել էր Վիգենը։ Նա գերեվարվել էր 2020 թվականի նոյեմբերի 10-ին, Շուշիում։ Բաքվի դատարանում դատապարտվել 20 տարվա ազատազրկման՝ «վարձկանության» և «ահաբեկչության» մեղադրանքով։

«Մեջբերում եմ ուղիղ իր բառերը։ Ասաց՝ եթե արդեն Հայաստանում եմ, ուրեմն լավ եմ»։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փոխանցում է 2 տարուց ավելի ադրբեջանական բանտում անցկացրած, արցախցի Վագիֆ Խաչատրյանի խոսքերը։ Նա Հայաստան է վերդարաձել Հակարիի կամրջով, հենց այն ճանապարհով, որտեղից 2023-ի ամռանը ադրբեջանցի զինվորականները  գերեվարել էին նրան։ Բաքուն 70-ամյա Վագիֆ Խաչատրյանին մեղադրում էր «Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում ցեղասպանության համար»։ Շաբաթներ առաջ վերջինս դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման։

Բայց Վագիֆ Խաչատրյանի ձեռքերն այլևս ոչ թե Բաքվի բանտերի ճաղավանդակների, այլ դուստրերի տաք ափերի մեջ են։  Ցերջիններս լրագրողների հետ խոսելու ժամանակ չունեն, դեռ պետք է բառեր գտնեն  իրենց զգացողություններն արտահայտելու համար։ Մինչև այդ Վագիֆ Խաչատրյանը մնում է Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում՝ դեռ 2023-ին պլանավորված «անհապաղ բժշկական միջամտության համար»։ ԲԿ- ի տնօրեն Միքայել Ադամյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ վերջին ամիսներին Խաչատրյանի քրոնիկ հիվանդությունը սրվել է։

«Պացիենտի մոտ վերջին 15 տարվա ընթացքում առկա է քրոնիկ հիվանդություն։ Ստեփանակերտում պարբերաբար ստուգվել է, հայտնաբերվել է այդ խնդիրը։ Այժմ ունենք տվյալ իրավիճակի թեթև սրացում, այդ պատճառով կգտնվի կլինիկայում, կիրականացվեն համապատասխան հետազոտություններ, և ըստ վիճակի կհասկանանք»։

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ Բաքվից վերադարձած 4 քաղաքացիներից այս պահին միայն Վագիֆ Խաչատրյանն է հոսպիտալացված։ Մյուսները բուժզննում անցնելուց հետո վերադարձել են տուն։ Նրանցից Գևորգ Սուջյանը, որ Բաքվում դատապարտվել էր  «ահաբեկչության», «դիվերսիայի», «սահմանն ապօրինի հատելու» համար, տուն վերադառնալուց հետո գրել է․

«Ես ձեզ չեմ լքել տղաներ, հոգիս թողել եմ ձեզ հետ։ Քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք, ես հանգիստ չեմ ունենալու․ երդվում եմ»։

«Մի լացեք, նոր կյանք, նոր պայքար» երկու բառակապակցությամբ այսպես է արտահայտել զգացմունքները Սուջյանը։ Նա  և ընկերը՝ Դավիթ Դավթյանը, ով նույնպես գերությունից վերադարձածների շարքում է,  գերեվարվել էին նոյեմբերի 11-ին, Արցախ հումանիտար օգնություն տեղափոխելիս։ Սուջյանը Արցախ էր գնում որպես բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ։ Նրանք երկուսն էլ Ադրբեջանում դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման։ 

4 տղաների վերադարձի լուրն առաջինը երեկ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Րոպեներ անց հայտնի դարձավ, որ Հայաստանը Թուրքիայի միջոցով տուն է ուղարկում սիրիացի 2 վարձկանների, որոնք  պատերազմական հանցագործությունների մեղադրանքով դատապարտվել էին ցմահ ազատազրկման։ Կառավարության նիստից հետո Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հերքեց երկու իրադարձությունների փոխկապակցությունը․

« Այդ 2 իրադարձությունները իրար հետ կապ չունեն, մենք ուզում ենք և աշխատում ենք նաև Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ, և այդ թվում մենք հույս ունենք, որ այդ որոշումը, որը բարեկամական որոշում է Սիրիայի նկատմամբ, այդ թվում Սիրիայի հայ համայնքի շուրջ նպման մթնոլորտը ավելի նպաստավոր կդարձնի»։

Միջազգային իրավունքի մասնագետ, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հակադարձում է․

«Պաշտոնական հայտարարություններում այս կապը հերքվում է, բայց մենք նաև գնահատում ենք փաստերը, որ այստեղ տեղի ունեցավ համաժամանակյա գործողություն և դժվար է դրանում պատահականություն տեսնել։ Դրա համար որոշակի կապեր ձևավորվեցին այս 2 գործընթացների միջև։ Մի կողմից՝ 4 գերիների վերադարձ, ընդ որում ներառում էր նաև Վիգեն Էուլջեքչյանին, ով Ադրբեջանում մեղադրվել է վարձկանության համար և 2 սիրիացիների վերադարձի՝ Թուրքիայի Հանրապետության միջոցով, և կարծում եմ, նաև նրանց աջակցությամբ»։

Սիրանուշ Սահակյանը հիշեցնում է, որ գերիների վերադարձի պահին Ադրբեջանում 7 հայերի գործերով արդեն դատավճիռներ էին կայացվել։

«Կարծում եմ, առնվազն կարելի էր հասնել դատապարտվածի կարգավիճակ ունեցող բոլոր անձանց վերադարձին, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը տալիս էր իր երկրում դատապարտված օտարերկրացիներին, որոնք առնչություն ունեին կոնֆլիկտի հետ, մյուս կողմից գոնե Ադրբեջանը հայրենադարձում էր 7-ը դատապարտյալներին, ովքեր պատիժ էին կրում ազատազրկման տեսքով։ Իմ կարծիքով, այս անձինք ավելի բարձր գին ունեն և նրանց հանձնման դիմաց կարելի էր բանակցային ճանապարհով հասնել ավելի մեծ թվով հայերի հայրենադարձմանը»։

Սիրիացի վարձկաններին վերադարձնելուց հետո Հայաստանում այլևս հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հետ կապ ունեցող որևէ պահվող անձ չկա՝ նկատում է Սիրանուշ Սահակյանը։ Սակայն չի կարելի պնդել, թե սա կարող է խոչընդոտել Բաքվում դեռևս պահվող մյուս գերիների վերադարձին։

«Սա միակ գործոնը չէ, և մենք ունեցել ենք այլ պայմանավորվածությունների արդյունքում գերիների վերադարձ, օրինակ՝ ամերիկյան կողմը՝ 2022 թվականի ջերմության դեպքերից հետո։ Իր ներգրավվածությամբ է կարողացել ապահովել գերիների վերադարձ, ընդ որում շատ սեղմ ժամկետներում, շուրջ 2 շաբաթ անց, մենք ունենք, օրինակ, միջնորդական երկրների ջանքերով հայրենադարձումներ, դասական օրինակը՝ Հունգարիայիա, Վարչապետի աջակցությամբ սահմանափակ թվով գերիների վերադարձներ, և, իհարկե, այլ պրոցեսներ, օրինակ կոպ 29 շրջանակում»։

Գերիների ազատ արձակումը կարող է հնարավոր դառնալ նաև «Թրամփի ուղու» գործարկմամբ, խաղաղության օրակարգի առաջմղմամբ՝ կարծում է իրավապաշտպանը։ Ինչ վերաբերում է վերադարձվածների առողջական վիճակին, Սահակյանը կարծում է, որ Ադրբեջանն այս առումով  խուսափել է նրանց համար միջազգային պատասխանատվությունից։

«Կարծում եմ, որ առողջական լրջագույն խնդիրներ ունեցող անձանց հետագա պահումը ռիսկային է հենց Ադրբեջանի իշխանությունների համար պետության պատասխանատվության տեսանկյունից, սակայն, կարծում եմ, դեռ վաղ է նրանց իրական առողջական խնդիրների մասին հետևություններ անելը։ 1 օր չկա, ինչ նրանք Հայաստանում են, քանի դեռ համակողմանի, ամբողջական հետազոտություններ չեն անցկացրել, մենք չենք կարող  օբյեկտիվ տեղեկություններ հայտնել նրանց առողջական վիճակի վերաբերյալ»։

Պաշտոնական տվյալներով՝ Ադբեջանում պահվում է ևս 19 հայ։  Նրանց թվում՝ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարները։  

Leave a Comment