Հարձակման նախերգա՞նք, թե՞ նահանջի ճանապարհի հարթում․ Վաշինգտոնի հակաիրանական ձևակերպումների բնույթը փոխվում է

ԱՄՆ–ն, Մեծ Բրիտանիան, Կանադան իրենց քաղաքացիներին կոչ են անում անհապաղ հեռանալու Իրանից։ Սրան զուգահեռ ԱՄՆ նախագահը Թեհրանին սպառնում էր, որ ուժ ռազմական կկիրառի, եթե շարունակվեն ցուցարարների սպանությունները։ Այդ հայտարարությունների ֆոնին Իրանը մի քանի ժամով փակեց իր օդային տարածքը։ Այս իրադարձությունները Իրանում ստեղծված իրավիճակը ավելի ճգնաժամային կարող են դարձնել։ Փորձագետները իրենց վերլուծություններում խիստ զգուշավոր են, որովհետև  իրավիճակի վերաբերյալ հայտարարությունների, ձևակերպումների բնույթը արագ է փոխվում։

FlightRadar24-ը պարզորոշ ցույց տվեց, որ մի քանի ժամ Իրանի երկնքով թռիչքներ գրեթե չեն եղել, առավոտյան ընդամենը երկու ինքնաթիռ է երևացել։

ԱՄՆ-Իրան լարված հայտարարությունների ֆոնին տեղեկություններ տարածվեցին, որ Թեհրանը փակել է երկրի օդային տարածքը՝ առանց բացատրության։

AP գործակալությունը նշում է, որ այդ հրամանը տրվել է համազգային բողոքի ցույցերի ժամանակ ցուցարարների նկատմամբ արյունալի ճնշումների և ամերիկյան հարվածների հնարավորության շուրջ լարվածության աճի պայմաններում:

Ավելի ուշ հստակեցվեց, որ Իրանում վերականգնվել են օդային փոխադրումները։

Սպանված ցուցարարների  մասին տեղեկությունները շատ տարբեր են։ Պաշտոնական թվեր դեռևս չեն հրապարակվում։

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ասում է, որ բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է երկու հայ։ Սրանք հաստատված դեպքերն են։  

Իրանում ստեղծված իրավիճակի մասին խոսել է նաև ՀՀ վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Հայաստանում Իրանի դեպան Խալիլ Շիրղոլամիի այն մտահոգությանը, որ Իրանում հակակառավարական ցույցերի օրերին Երևանում Իրանի դեսպանատան դիմաց մի խումբ իրանցիներ բողոքի ակցիաներ են իրականացրել: Թեհրանից հնչող հայտարարությունների նկատմամբ Երևանը շատ ուշադիր է և ամեն ինչ արվել և արվում է բարեկամական և եղբայրական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ, հստակեցնում է ՀՀ վարչապետը։

«Մենք ԻԻՀ մեր գործընկերների հետ շփումներում բազմիցս ասել ենք, որ ՀՀ–ն Իրանի պետական անվտանգության դեմ միջոցներ չի ձեռնարկի և նույնը ակնկալում ենք ԻԻՀ-ից»։

Լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, գրում են, որ տարածաշրջանի ռազմաբազաներում գտնվող ամերիկյան կործանիչները նախապատրաստական թռիչքներ են կատարել։  Նաև Իսրայելի ռազմական օդանավերն են շարժվել Իրանի ուղղությամբ։ Սա փորձագետներին հիմք է տվել եզրակացնելու, որ տարածաշրջանում լարվածությունը մոտենում է գագաթնակետին:

Որոշ փորձագետներ էլ, ընդհակառակը, կարծում են, որ ԱՄՆ նախագահը նահանջի ճանապարհ է հարթում: Դոնալդ Թրամփը հայտարարում է Իրանում ցուցարարների սպանությունների դադարեցման մասին: Նա ասում է, որ Իրանի իշխանություններն այլևս չեն պլանավորում մահապատժի ենթարկել բողոքի ցույցերի մասնակիցներին։ ​Ավելի վաղ Թրամփը բազմիցս զգուշացրել էր, որ Վաշինգտոնը կմիջամտի, եթե Իրանի իշխանությունները դաժանորեն ճնշեն բողոքի ցույցերը և թույլ տան մարդկային զոհեր։

«Մեզ ասել են, որ Իրանում սպանությունները դադարում են, և մահապատիժների ծրագիր չկա։ Այնպես որ, ինձ դա ասել են վստահելի աղբյուրից»։

FOX News-ի հաղորդմամբ՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այսպես է արձագանքել Դոնալդ Թրամփին․

«Իմ ուղերձն այս է՝ մի կրկնեք նույն սխալը, որը թույլ տվեցիք հունիսին: Գիտեք, եթե փորձեք, անհաջող է լինելու, կստանաք նույն արդյունքը: Այժմ Իրանը ապացուցեց, որ պատրաստ է բանակցությունների, դիվանագիտության։ Պատերազմի և դիվանագիտության միջև դիվանագիտությունն ավելի լավ ճանապարհ է քան պատերազմը։ Բայց դա ԱՄՆ նախագահի որոշումն է»։

Աբբաս Արաղչին նաև հստակեցնում է, որ Իրանը ցուցարարներին մահապատժի դատապարտելու ծրագիր չունի:

Leave a Comment