Կառավարության նիստից հետո վարչապետ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Սակայն, նա անդրադարձել է ոչ թե նիստի օրակարգին, այլ Հայաստանի համար գլոբալ նշանակության հարցերին։ Վարչապետը, մասնավորապես, խոսել է «Թրամփի ուղու» գործարկման ու այդ առնչությամբ Հայաստանի գործընկեր պետությունների արձագանքի մասին։ Խոսքը այս դեպքում առավելապես Իրանի մտավախությունների մասին է։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը պատասխան է սպասում ՌԴ-ից՝ 2025-ի տարեվերջին հայկական երկաթուղու վերաբերյալ Երևանի առաջարկին։ Վարչապետ Փաշինյանի ձևակերպմամբ՝ «պատասխան սպասելու պատեհ ժամկետը հիմա է»։ Փաշինյանն ընդգծել է, որ TRIPP ծրագիրը տարածաշրջանում գործընթացներ է արագացնում, հետևաբար Հայաստանի կենսական շահերից է բխում Մոսկվայի կոնկրետ պատասխանը։ Նիկոլ Փաշինյանն ակնարկել է, որ «գործընթացներ են տեղի ունենում», որոնց մասին հանրությունը կիրազեկվի։
«Թրամփի ուղին» կառուցելու համար անհրաժեշտ ներդրումների ամբողջական ծավալը հաշվարկել դեռ հնարավոր չէ։ Այս պահի դրությամբ հայտնի է, որ ամերիկյան կողմը 140 միլիոն դոլար արդեն հատկացրել է ծրագրի նախապատրաստական ընթացքի համար։ TRIPP–ի զարգացման համար ստեղծվելիք հայ-ամերիկյան ընկերության մասնաբաժինները՝ 26/74% հարաբերակցությամբ հուշում են, թե կողմերը ինչ համամասնությամբ են գումար ներդնելու ծրագրում։ Նախագծի 26%-ի ֆինանսավորումը իրականում մեծ բեռ չի դառնա Հայաստանի համար, համոզված է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այնպիսի վիճակ է ստեղծվել, որ ոչ թե մենք ենք, ՀՀ-ն է գումարներ փնտրում, այլ գումարներն են Հայաստանի Հանրապետությանը փնտրում, և սա ամենամեծ տնտեսական նորությունն է։ Դրա ամենամեծ վկայությունը նախորդ օրը Հայաստանի պետական կարճաժամկետ պարտատոմսերի վաճառքի վիճակագրությունն է, երբ պահանջարկը երեք անգամ գերազանցել է առաջարկը և տոկոսները նվազել են։ Այսինքն՝ Հայաստանի ծախսը նվազել է, և Հայաստանի համար այդ գործարքների շահութաբերությունը ավելացել է։
Այստեղ շատ կարևոր մի առանձնահատկություն կա, որ ներդրողների մի հսկայական մասը, ես հիմա չեմ ուզում թիվ ասել, որովհետև կարող է սխալվեմ, բայց շատ մեծ մասը դրանք արտաքին ինստիտուցիոնալ ներդրողներն են, միջազգային ներդրումային ընկերություններն են»։
Այսպես է շուկան արձագանքում օգոստոսի 8-ի և հունվարի 13-ի վաշինգտոնյան փաստաթղթերին։
Բաքվից հետո պաշտոնական այցով Երևանում է ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի գլխավորած պատվիրակությունը: Երկու մայրաքաղաքներում էլ քննարկումների մի մասը նվիրված է եղել TRIPP նախագծին։ Ծրագրի ծախսային հատվածը հաշվարկել դեռ հնարավոր չէ օբյեկտիվ պատճառներով, պարզաբանում է վարչապետ Փաշինյանը․
«Կոնկրետ նախագծեր պետք է ձևավորվեն, կազմվեն, այսինքն` դա արդեն նախագծահաշվային հաշվարկների հետ է կապված, բայց որ ներդրումները մեծ են լինելու, կարծում եմ` ակնհայտ է։ Այսօր որևէ մեկը թիվ ձեզ չի կարող ասել, որովհետև ենթադրենք երկաթուղին պետք է կառուցվի, չէ՞։ Ի՞նչ արժէ այդ երկաթուղին, ինչքա՞ն է պետք ներդնել այսօր` ոչ մեկը չի կարող ասել։ Կարող են լինել փորձագիտական գնահատականներ, բայց դրա համար պետք է տեխնիկատնտեսական հաշվարկ, դրա համար պետք է նախագիծ և այլն։ Այսինքն` միայն նախագծի հաստատումից և հաշվարկից հետո ամեն առանձին նախագծի գինը կպարզվի»։
Վարչապետը հստակ պատկերացնում է, որ TRIPP-ի սահմանային հատվածներում տրվելու են այնպիսի տեխնիկական լուծումներ, այնպիսի տեխնոլոգիաներով, որոնք Հայաստանում երբևէ չեն կիրառվել։
«Շատ զարգացած երկրներում դա արդեն իսկ ներդրված է, ընդհուպ՝ Միացյալ Նահանգներում։ Պատկերացնու՞մ եք՝ ԱՄՆ-ի պես երկիրը և այլ բազմաթիվ երկրներ, որոնք որքան նախանձախնդիր են իրենց ինքնիշխանության և անվտանգության հարցերում, մենք այս տեխնոլոգիաներին հասանելիություն ենք ունենալու։ Ես հույս ունեմ, որ մենք ոչ միայն TRIPP-ի հետ առնչվող սահմաններում, այլև մեր սահմանների մյուս անցակետերում այդ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն կունենանք ներդնելու, որովհետև դա երկրի կարգի փոփոխության մասին է վկայում»։
TRIPP-ին առնչվող 10 էջանոց փաստաթղթի հրապարակումից հետո անգամ ընդդիմադիր շրջանակները տարբեր խնդիրներ ու մտավախություններ են շարունակում արտահայտել։
Կա, օրինակ, հետևյալ ձևակերպումը, թե համաձայնություն է տրվել «TRIPP-ի անվան «Զանգեզուրի միջանցք»-ին»։ Այս բնույթի քննադատություններին Հայաստանի վարչապետը այսպես է պատասխանում․
«Տեքստ կա հրապարակված, այնտեղ ամեն ինչ գրված է։ Միշտ կարող է գտնվել մարդ, ով այդ տեքստը կարդա, ասի` հա, բայց ․․․ Այսինքն, տեքստը հենց դրա համար է, որ այդ բոլոր հարցերի պատասխանները հնչեն, և տեքստը տալիս է ձեր բոլոր հարցերի պատասխանները` ասելով, որ մաքսային, սահմանային ոլորտներում Հայաստանի սուվերեն գործառույթները անքննարկելի են։ Դուք ասում եք` մարդիկ կան, որ այդպես են ասում։ Այդպիսի մարդիկ միշտ էլ կլինեն։ Այսինքն, երբ սահմանապահը և մաքսավորը կանգնած լինի, էլի կլինեն, մարդիկ, որ կասեն` այնտեղ չեն, կամ իրենք չեն, կամ այնդեղ են, ուղղակի ձևի համար։ Կան տերմիններ` տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, և այդ տերմինները արտահայտվել են իրականացման շրջանակում»։
Ներքին քաղաքական շահարկումներից բացի TRIPP ծրագիրը նաև որոշակիորեն Հայաստանի գործընկեր պետություններին է անհանգստացնում։ Խոսքը հատկապես Իրանի մասին է։ Հայաստանում այդ պետության դեսպանի՝ օրերս արած ակնարկներին ու արտահայտած մտավախություններին Հայաստանի վարչապետը պատասխանում է, որ մշտական կապի մեջ են Իրանի գործընկերների հետ։
«Իրանի Իսլամական Հանրապետությունից հնչող հայտարարությունների նկատմամբ մենք շատ ուշադիր ենք և ամեն ինչ արել ենք և կշարունակենք անել մեզ համար բարեկամական և եղբայրական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ։ Իրանի Իսլամական Հանրապետության հարգարժան նախագահը օգոստոսին այց ունեցավ, Վաշինգտոնի գագաթաժողովից 10 օր անց։ Մենք շատ հանգամանալից, երկար, մանրամասն զրույց ենք ունեցել, և ես կարծում եմ, որ մենք բոլոր հարցերի պատասխանները տվել ենք։ Բայց մենք նաև ասել ենք, որ հետագայում հարցեր ծագելու դեպքում պատրաստ ենք բոլոր հարցերին պատասխանել, եթե հրապարակված տեքստից հետո այլ հարցեր ծագում են։ Համենայն դեպս, քննարկումների ընթացքում մենք մեր միջազգային գործընկերների կարծիքները, մտահոգությունները հաշվի առնում ենք և բանակցելիս փորձում ենք այնպես անել, որ հնարավորինս հավասարակշռված լուծումների գանք, ինչը, կարծում եմ, այս դեպքում ստացվել է»։
ԱՄՆ-ում TRIPP-ին առնչվող երկրորդ փաստաթղթի ընդունումից հետո այս պահին Հայաստանի համար կարևոր է ստանալ նաև պատասխան ՌԴ գործընկերներից։ 2025-ի տարեվերջին Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին, նաև Հայաստանի փոխվարչապետը Ռուսաստանի փոխվարչապետին կոնկրետ առաջարկ էին արել՝ վերականգնել և վերանորոգել ռուսական ընկերության կոնցեսիոն կառավարման տակ գտնվող հայկական երկաթուղու կոնկրետ հատվածները երեք ուղղությամբ։ Աշխատանքների անհնարինության դեպքում Հայաստանը պատրաստակամություն էր հայտնել հայկական երկաթուղու այդ հատվածները վերցնել կոնցեսիոն կառավարչից և պետբյուջեի միջոցներով իրականացնել անհրաժեշտ աշխատանքները։ Երկաթուղու այդ հատվածները կենսական նշանակություն ունեն Հայաստանի ապաշրջափակման համար։ Ռուսաստանից պատասխան դեռ չկա, սպասում են, ասաց Հայաստանի վարչապետը՝ սահմանելով սպասողական վիճակի պատշաճ ժամկետը։
«Երեկվա իրադարձությունից հետո պատշաճ ժամկետը հիմա է, և դա մեր ցանկությունն է, որ դա հիմա արվի։ Պրոցեսներ են տեղի ունենում, որոնց մասին նաև կիրազեկվեք, և այդ պրոցեսները ենթադրում են, որ պետք է դա հնարավորինս արագ անել։ TRIPP-ը աշխարհից կտրված չէ։ Այսինքն` TRIPP-ից դեպի աջ էլ կա կյանք, ձախ էլ, վերև էլ, ներքև էլ։ TRIPP-ը գնում, կպնում է ուրիշ ենթակառուցվածքների, չէ՞։ Խոսում ենք Տրանսկասպյան երկաթուղու մասին․ այդտեղ բազմաթիվ երկաթուղիներ կան, գազամուղներ կան, նավթամուղ, էլեկտրաէներգիայի արտահանում կա։ Այս պարագայում, այս փուլում խնդրում ենք մեր ռուսաստանցի գործընկերներին, որպեսզի հրատապության կարգով Ախուրիկի հատվածը, Երասխի հատվածը վերականգնեն, նաև Իջևանի երկաթուղային ենթակառուցվածքը վերականգնվի»։
Հայաստանի վարչապետը հերթական անգամ հաստատել է, որ TRIPP-ը, տարածաշրջանային զարգացումներն ու Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը փոխկապակցված գործընթացներ են, որոնցից մեկի արագացումը շղթայական ազդում է մյուսների վրա։ Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի հետ խաղաղության վերջնական պայմանագիրը ստորագրելու համար աշխատում են ամենօրյա ռեժիմով և ինքը փաստաթղթի կնքման համար օբյեկտիվ խոչընդոտ չի տեսնում։