
69 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ պետական և հասարակական գործիչ պարոն Գագիկ Եգանյանը։
Գագիկ Եգանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը 17։00-ին։
Գագիկ Կիմի Եգանյանը ծնվել է Արցախի Հադրութի շրջանի Առաքել գյուղում, 1956 թվականին։ Հայրական կողմից՝ Արցախի Մելիք-Եգանյան մելիքական տոհմի, իսկ մայրական կողմից՝ պետական և ռազմական գործունեությամբ հայտնի՝ Միկոյանների ընտանիքից։
2015 թվականին ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետի պաշտոնում աշխատելու տարիներին, Եգանյանը գլխավորել է ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության հետ բանակցությունները, որոնց արդյունքում հանվեց դեպի Ռուսաստան Հայաստանի 28 հազար քաղաքացիների մուտքի արգելանքը։
2003-2010 թթ․ ընտրվել է Եվրոպայի խորհրդի միգրացիայի եվրոպական կոմիտեի (CDMG) բյուրոյի անդամ, իսկ 2008-2009 թթ․՝ նույն կոմիտեի բյուրոյի փոխնախագահ։
2018 թ․ դեկտեմբերին ընտրվել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամ, Ժողովրդագրության և գենդերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Գագիկ Եգանյանը նախաձեռնել ու հիմնադրել է ապաստան հայցողների համար նախատեսված հատուկ կացարանը 2002 թվականին։