Հաստատվել է 2026-2030 թթ. իմունականխարգելման ազգային ծրագիրը և կանխարգելիչ պատվաստումների վկայականի ստանալու կարգը

Կառավարությունը հաստատել է 2026-2030 թթ. իմունականխարգելման ազգային ծրագիրը և կանխարգելիչ պատվաստումների վկայականի ստանալու կարգը: Որոշման ընդունումը կնպաստի ՀՀ-ում կառավարելի վարակիչ հիվանդություններով հիվանդացության նվազեցմանը, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխարգելմանը և վարակիչ հիվանդությունների նկատմամբ բնակչության անընկալության ապահովմանը:

Ինչպես նշել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որոշմամբ հաստատվում է հանրային առողջապահական ամենակարևոր երաշխիքներից մեկը հանդիսացող պատվաստումների ազգային օրացույցը, նաև պատվաստումների վերաբերյալ միջազգային վկայականների տրամադրման ձևաչափը և այն թիրախները, որոնք մենք մեզ համար դնում ենք՝ պահպանելու 0-1 տարեկան երեխաների պատվաստման ցուցանիշները, և իհարկե, վարակիչ վտանգավոր հիվանդությունների զրոյական դեպքերը:

«Վերջին տարիներին ներդրել ենք նոր պատվաստանյութեր: Ներդրել ենք մեր ազգային օրացույցում վերջին սերնդի ավելի համակցված վեցավալենտ պատվաստանյութեր, որոնք զերծ են պահում մի քանի անգամ պատվաստվելու խնդրից: Եվ՝ ջրծաղիկի պատվաստանյութը, որն այլևս մեր օրացույցի մաս է կազմում: Մի հանգամանք էլ նշեմ, որ վարակիչ հիվանդությունների կանխարգելման առումով պատվաստումների և նաև հանրության մոտ տեղեկատվական դաշտի վրա աշխատանքը իր պտուղները տալիս է: 2025 թվականին 0-1 տարեկան երեխաների պատվաստումների ցուցանիշում գրանցել ենք 2011 թվականից, ինչքան որ տեղեկատվական վիճակագրական տվյալները մեզ հասանելի են, 95.1 տոկոս, որն ամենաբարձր ցուցանիշն է: Այստեղ նաև որոշակի առումով աշխատանքի ձևաչափի փոփոխությունն է իր պտուղները տալիս: Մենք, հասկանալով տեղեկատվական ապակողմնորոշման հանգամանքը՝ շատ մեծ ուշադրություն ենք դարձնում ծնողների, մեր մասնագետների հետ աշխատանքին», -ասել է նախարարը:

Անահիտ Ավանեսյանը նշել է՝ ջրծաղիկի պատվաստումների նպատակն է, որ այս հիվանդությունը Հայաստանում այլևս չունենանք՝ ո՛չ բռնկումներ, ո՛չ դեպքեր:

«Մենք նաև Հայաստանում ապահովում ենք այլ երկրներ մեր քաղաքացիների ճամփորդության համար անհրաժեշտ պատվաստանյութերի պաշարները: Դրանք հասանելի են, տրամադրում ենք նաև միջազգային ձևաչափի սերտիֆիկատներ»,-ասել է Առողջապահության նախարարը:

Անահիտ Ավանեսյանը հավելել է, որ իմունականխարգելման գործընթացների թվայնացումը նախարարության առաջնային թիրախներից է.

«Եվ այս առումով՝ սկսած պլանավորումից, պահեստավորումից, արդեն պատվաստումների իրականացման գործընթացից անցել ենք, և ամբողջական թվայնացման այս շրջափուլն ավարտել ենք»:

Նախարարը տեղեկացրել է՝ առկա է թիրախային 3 պատվաստում, որոնք 0-1 տարեկան երեխաների համար չեն.

«Դա ՄՊՊ պատվաստանյութն է, որը մենք իրականացնում ենք 13-16 տարեկան դեռահասների՝ և՛ աղջիկների, և՛ տղաների համար, որը կանխարգելում է քաղցկեղը: Սրա մասով էլ 2025 թ. գրանցել ենք 48 տոկոս ընդգրկվածություն՝ համեմատած 2021 թվականի 10.8 տոկոսի: Այստեղ էլ բավական առաջընթաց ունենք»:

Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ հաջորդը գրիպի դեմ պատվաստանյութերի ցուցանիշներն են.

«Մենք այս տարի պատվաստումները շատ ավելի վաղ ենք սկսել. Հայաստանում սեպտեմբերից արդեն առկա է գրիպի դեմ պատվաստանյութը, և մոտ 200 հազար դեղաչափից արդեն 95 տոկոսի չափով մենք իրականացրել ենք պատվաստումները: Արդյոք հենց նաև այս հանգամա՞նքն է, որ մեզ օգնում է սեզոնային գրիպի կանխարգելման առումով բռնկումների չգնալ շատ մեծ ընդլայնված շրջանակների: Իհարկե, սա էլ իր դերը խաղում է: Նշեմ նաև, որ ջրծաղիկի պատվաստումներն իրականացնում ենք նաև նախազորակոչային և զորակոչային տարիքի մեր քաղաքացիների համար»:

Առողջապահության նախարարը նշել է՝ Հայաստանում կիրառվում է ԱՀԿ նախաորակավորում ստացած լավագույն պատվաստանյութերը:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման ընթացքից: Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ այսօրվա ժամը 10-ի դրությամբ առկա է 87048 ապահովագրական գրանցված դեպք՝ այց, որից 7739-ը ամբուլատոր այցեր են, և 8612-ը՝ հիվանդանոցային դեպքեր:

«Աճի տեմպը մեր ակնկալածի շրջանակներում է: Մենք հետևում ենք ամենօրյա թե՛ սպասարկված դեպքերի թվին, թե՛ նաև փաստացի առաջացած քաղաքացիների, բուժաշխատողների, ԲԿ-ների վարչական անձնակազմի կողմից մեր բոլոր բարձրացրած հարցերին: Ընթացիկ շտկումներ ենք իրականացնում, որ համակարգն ավելի մարդակենտրոն և ավելի քիչ պրոցեսներ իր մեջ ներառող լինի: Բայց, ընդհանուր առմամբ, այցերն ու հարցումները և մեր քաղաքացիների հետ, ըստ էության, խոսակցությունը փաստում են, որ շատ մեծ հերթեր պոլիկլինիկայում այս պահին չունենք: Լինում են պիկ ժամեր, բայց փորձառությունը, ընդհանուր առմամբ, դրական է: Հիվանդանոցային օղակում՝ առավել ևս: Մեր քաղաքացիները երբեմն զարմանում են, որ, այո, գործում է, և նրանք ծառայությունը կստանան առանց վճարում իրականացնելու, քանի որ պետությունը իրենց ապահովագրավճարները վճարել է»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ընդհանուր առմամբ՝ երկրում բժշկական ամենաշատ պահանջարկ ունեցող ծառայությունների մոտ 30 տոկոսն է, որ ծածկվում է համակարգի կողմից:

Վարչապետն ընդգծել է պատշաճ իրազեկում ապահովելու և մոնիթորինգ իրականացնելու անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև գործընթացում կամավորական խմբերի ներգրավումը.

«Կամավորների խմբեր թող կազմվեն, դեղատուն և պոլիկլինիկա կայցելեն, որպեսզի մենք ինֆորմացիա ունենանք: Մարզերում և Երևանում լրացուցիչ այդ օղակն էլ ունենանք: Մարդիկ ներգրավվեն և գուցե ուրիշ հայացքով այդ ամեն ինչի մասին մեզ պատմեն: Թող գնան, մարդկանց հարցնեն»:

Leave a Comment