Եվրոպական զորքերը ժամանում են Գրենլանդիա

ԱՄՆ-ի, Դանիայի և Գրենլանդիայի պաշտոնյաների միջև Վաշինգտոնում կայացած հանդիպումից ժամեր անց եվրոպացի զինվորականները սկսել են ժամանել Գրենլանդիա․ գրում է Euronews-ը։

Սպիտակ տանը հանքանյութերով հարուստ արկտիկական կղզու հարցի շուրջ համաձայնության չգալուց հետո, Ֆրանսիան, Շվեդիան, Գերմանիան և Նորվեգիան հայտարարել են, որ զինվորականներ կուղարկեն Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկ՝ որպես հետախուզական առաքելության մաս։

«ՆԱՏՕ-ի զինվորների ներկայությունը, ինչպես սպասվում է, այսօրվանից և առաջիկա օրերին ավելի մեծ կլինի Գրենլանդիայում», – մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գրենլանդիայի փոխվարչապետ Մյուտ Էգիդը՝ հավելելով, որ նրանք կանցկացնեն «վարժանքներ»։

«Առաջին ֆրանսիացի զինվորականներն արդեն ճանապարհին են։ Մյուսները կհետևեն նրանց», – X-ում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Դանիայի հրավերով հինգշաբթիից կիրակի Նուուկում կտեղակայվի Գերմանիայի զինված ուժերի՝ Բունդեսվերի 13 հոգանոց հետախուզական խումբ։

Զորքերի տեղակայման մասին հայտարարվել է նույն օրը, երբ Դանիայի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

«Մեզ չհաջողվեց փոխել ամերիկյան դիրքորոշումը։ Ակնհայտ է, որ նախագահը ցանկանում է նվաճել Գրենլանդիան։ Հետևաբար, մենք դեռևս ունենք հիմնարար անհամաձայնություն», – Սպիտակ տնից հեռանալուց հետո հայտարարել է Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս խոստացել է վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի նկատմամբ՝ պնդելով, որ այն կենսական նշանակություն ունի ԱՄՆ անվտանգության համար։

 

Leave a Comment