Իրանում բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է երկու հայ. Սինանյան

Իրանում բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է երկու հայ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Մեկ զոհ հաստատված է, կարծեմ երկրորդ զոհն էլ է հաստատված։ Ավելի մեծ թվերի մասին է խոսվում, բայց հաստատված գիտեմ երկուսի մասին», — ասել է Սինանյանը:

Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։

Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:

Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։

Leave a Comment