Սուրբ Հովհաննես Մկրտչի տոնի առիթով Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց Հովհաննավանք նախապես հայտարարված ուխտագնացություն-ուխտերթի փոխարեն՝ Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցվեց Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կարբի պետք է բերվեր Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը: Արագածոտնի թեմը հայտարարության մեջ նշել էր , որ այդպես են վարվել, որպեսզի Սուրբ օրը չնշանավորվի տհաճ իրադարձություններով. «Ուխտավորների հոգևոր խաղաղությունը, ապրումները, ինչպես նաև տոնի վեհությունն ու խորհուրդը չանարգելու նպատակով Սուրբ Հովհաննես Մկրտչի տոնի առիթով Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց Հովհաննավանք նախապես հայտարարված ուխտագնացություն-ուխտերթի փոխարեն Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում»:
«Պատարագը պետք է լիներ Հովհաննավանքում եւ միասին այդ ուխտի պատարագը պիտի անեինք, բայց մեզ հասած հավաստի տեղեկություններով Հովհաննավանքում աջակիցներ պիտի հավաքված լինեին, ինչը մենք չենք ընդունում… Ասում ենք՝ չկա իմ աջակից, քո աջակից, կա հավատացյալ, ուխտավոր, բոլորը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներ են, եւ մեզ համար արհեստական ստեղծված տերմինը չպետք է լինի:
Քանի որ մեզ հետ շարժվելու էին մայրեր, քույրեր, երեխաներ, որպեսզի չլինի այնպես, որ մեզ արգելեն, քայլենք, աղոթքով գնանք հասնենք Հովհաննավանք, ու չթողնեն, եւ այդպես էլ ըստ երեւույթին լինելու էր, որպեսզի այդ ամենը չլինի, մի արկածախնդիր այս սուրբ օրով ինչ-որ անհարմար խոսք չասի, որպեսզի հնարավոր բախում չլինի, որպեսզի պատարագի եկած մարդու հոգին չփոթորկվի, այդ նվիրական զգացումը չվնասվի, մենք կայացրինք մեզ համար ծանր, ցավալի մի որոշում, որովհետեւ ի սրտե ուզում էինք գնալ Հովհաննավանք պատարագ մատուցելու, բայց չեղավ:
Հիմա միգուցե համարվի, որ սա բարկություն է, մեր սրբությունը զիջել է, բայց հոգեւորականներիս համար այս պահին Սուրբ հոգու ներկայությամբ այդ որոշումն ընդունեցինք: Միշտ չէ, որ որոշումները լինում են բոլորիս սրտով… Հիմա մենք այստեղ ենք, Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը բերել ենք Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից, Վեհափառ հայրապետի բարձր տնօրինությամբ եւ օրհնությամբ եւ դուք պատարագի ավարտին հնարավորություն կունենանք մոտենալու եւ համբուրելու այն»,- ասաց Սաղմոսավանքի հոգեւոր հովիվ տեր Փառեն քահանա Առաքելյանը:
«Ես ներողություն եմ խնդրում բոլոր հավատացյալներից իմ հոգեւոր եղբայրների անունից, եթե նույնիսկ չներեք, մենք ձեզ կհասկանանք…Ցավոք, ստեղծվել է մի իրավիճակ, որ հայ ժողովուրդը, քրիստոնյա ժողովուրդը զատվել է իրարից: Մենք հորդորում ենք, որ մեկ լինեք, լինեք Հայ Առաքելական եկեղեցու զավակներ, ատելությամբ չլցվեք, այլ ընդհակառակը ներողամտության ոգով լցվենք բոլորս եւ աղոթեք մեր եկեղեցու անսասանության համար, Վեհափառ Հայրապետի անսասանության համար, մեր հավատին հավատարիմ հոգեւորականների համար եւ նաեւ այն հոգեւորականների համար, որոնք հիմա ճիշտ ուղու վրա չեն: Մենք հավատարիմ ենք մեր ուխտին, եւ հորդորում ենք, որ բոլորն իրենց ուխտին հավատարիմ լինեն»,-ընդգծեց տեր Փառենը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Տեսանյութը՝ Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան էջից:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: