ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում խոսեց TRIPP ծրագրից՝ բարձր գնահատելով նախորդ օրը Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ կառավարության անունից տարածված համատեղ հայտարարության նշանակությունը։
Փաշինյանը նշեց, որ հայտարարությունը համարվում է խաղաղության գործընթացի հաջորդ անկյունաքարային փուլը՝ 2025 թվականի օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո։
Նրա խոսքով՝ փաստաթղթով տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակման կարևորագույն հարցը ստանում է շրջանակային լուծում, որտեղ հասցեագրվում են բոլոր սկզբունքային հարցերը։
Վարչապետն ընդգծեց, որ փաստաթուղթը հրապարակային է և այս ձևաչափով մեկնաբանելու անհրաժեշտություն չի տեսնում, սակայն կարևորում է դրա գործնական իմաստը․ «Խաղաղությունը մեր հանրապետությունում և տարածաշրջանում հաստատվում է շատ կոնկրետ և գործնական քայլերով և այլևս դարձել է գործնական իրականություն»։
Փաշինյանը նշեց, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, քանի որ ինչպես պետության, այնպես էլ հասարակության մակարդակում դեռ չկա խաղաղության պայմաններում ապրելու փորձը։
Նա նշեց, որ խաղաղության սոցիալ-հոգեբանական ընկալումը ձևավորվում է աստիճանաբար՝ հաշվի առնելով, որ շուրջ 35 տարի հանրությունը եղել է հակամարտության տրամաբանության մեջ։
«Խաղաղությունը փոքր և դանդաղ քայլերով է մտնում մեր գիտակցություն և ենթագիտակցություն, ինչը նորմալ է այս պայմաններում»,- նշեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ արդեն կան գործնական իրողություններ, որոնք նպաստում են խաղաղության սոցիալ-հոգեբանական հաստատմանը, սակայն դրան զուգահեռ անհրաժեշտ է մեծածավալ գործնական աշխատանք։
Վարչապետը կարևորեց հայտարարությունից բխող քայլերի արագ իրականացումը։
Նախ անհրաժեշտ է պայմանավորվածությունները դե յուրե վերածել համաձայնագրերի, մշակել համապատասխան իրավական որոշումներ, ստեղծել TRIPP անունով ընկերությունը Հայաստանում, ինչպես նաև որոշել երթուղիները, հողօգտագործման, կառուցապատման և շինարարության թույլտվությունների կարգավորումները։
Փաշինյանը նշեց, որ այս գործընթացների իրականացումն անխուսափելի է և գերատեսչությունները պետք է նախապատրաստվեն՝ ապահովելով պատշաճ և ժամկետային կատարում։
Նա կարևորեց նաև հնարավորությունը՝ վերանայել պետական կառավարման ընթացակարգերը՝ նվազեցնելու ավելորդ վարչարարական խոչընդոտները։
Վարչապետը վերահաստատեց Հայաստանի քաղաքական կամքը՝ համաձայնեցված շրջանակում ապահովելու Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցությունը՝ այն սկզբունքներով, որոնց մասին, ինչպես նա ասաց, բազմիցս խոսվել է։
Փաշինյանը նաև անդրադարձավ հասարակական խոսույթին՝ նշելով, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում դեռ կան փոխադարձ կասկածներ։
Նա շնորհակալություն հայտնեց կառավարության անդամներին, ինչպես նաև պետական մարմիններին՝ խաղաղության գործընթացում ցուցաբերած աջակցության համար՝ ընդգծելով, որ դրանց շնորհիվ է հնարավոր դարձել ներկայիս հանգրվանը։