Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազ. դրամ պարգևավճար է ստացել՝ 2025թ. առաջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքային ցուցանիշների համար: Դրանից բացի՝ մոտ 1 մլն 970 հազ. դրամ էլ առանձին տողով է պարգևատրվել: Վարչապետի աշխատակազմի աշխատողները (թիվն ամեն տարի փոփոխվում է, միջինը` 491 մարդ), վարչապետն ու երկու փոխվարչապետները 2021-2025 թվականներին ստացել են ընդհանուր 2 մլրդ 835 մլն 550 հազ. դրամ պարգևատրում և պարգևավճար:
«Հետքը» գրավոր հարցմամբ Կառավարությունից տեղեկատվություն է ստացել վարչապետի աշխատակազմի, վարչապետի եւ փոխվարչապետների 2021-2025թթ. ստացած պարգևավճարների վերաբերյալ: 2 մլրդ 835 մլն 550 հազ. դրամ գումարից մոտ 381 մլն 848 հազ. դրամը հատկացվել է որպես պարգևավճար՝ 2025թ. առաջին կիսամյակի գործունեության առաջնահերթությունների և դրանց կատարողականի արդյունքային ցուցանիշների հիման վրա:
Գումարը ստացել են այդ ժամանակահատվածում աշխատած 412 աշխատակիցները, ինչպես նաև վարչապետն ու երկու փոխվարչապետները:
«Հետքի» գրավոր հարցմանը պատասխանել է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը: Կառավարությունից չեն առանձնացրել, թե կատարողական ցուցանիշների հիման վրա որքան գումար են ստացել երկու փոխվարչապետները՝ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը:
Գումարի չափը ներկայացվել է ընդհանուր, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստացած պարգևավճարն առանձնացվել է՝ 11 մլն 950 հազ. 800 դրամ:
Ըստ Կառավարության տրամադրած տեղեկատվության՝ 2021-2025թթ. երկու փոխվարչապետները ստացել են մոտ 106 մլն 738 հազ. դրամ պարգևավճար: Նշենք, որ Կառավարությունը 2025թ. նոյեմբերի 27-ին ընդունել էր «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը և պետական կառավարման համակարգի առանձին մարմինների ցանկը հաստատելու մասին» որոշում:
Նպատակը եղել է Կառավարության ծրագրով և ռազմավարություններով սահմանված նպատակների և խնդիրների իրականացման ուղղությամբ առաջնահերթ անելիքների բարձր կատարողականը խրախուսելը: Պիլոտային ծրագրի իրականացման ժամանակահատվածը 24 ամիս է, ընդ որում, 2025 և 2026 թվականների համար հաշվետու ժամանակահատվածներ են կիսամյակները:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: