Փոփոխություններ են առաջարկվում «Բուսասանիտարիայի մասին» և կից ներկայացված օրենքներում

Օրենսդրական փաթեթի նպատակն է բուսասանիտարական հսկման ենթակա արտադրանքի վարակազերծման մեթոդներին ներկայացվող պահանջները, վարակազերծման եւ ոչնչացման կարգը հաստատելու, ինչպես նաեւ վարակազերծման, պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրության, վաճառքի, անասնաբուժական դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման համար համապատասխան լիազորող նորմերի եւ դրույթների լրացումը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 14-ի նիստում առաջին ընթերցմամբ ներկայացրել է ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Նշվել է, որ նախագծերի ընդունումը հնարավորություն կտա կարգավորել կարանտին վնասատու օրգանիզմներով վարակված բույսերի, բուսական արտադրանքի եւ այլ կարգավորվող առարկաների վարակազերծման եւ ոչնչացման հետ կապված իրավահարաբերությունները, ինչը կնպաստի հանրապետությունում կայուն բուսասանիտարական իրավիճակի ապահովմանը, ինչպես նաեւ նշված արտադրանքը Հայաստանի Հանրապետությունից արտահանելիս կարանտին վնասատու օրգանիզմների հայտնաբերման գործոնով պայմանավորված խնդիրների լուծմանը: Միաժամանակ, պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրությունը եւ վաճառքը՝ որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ սահմանելով՝ հնարավոր կլինի ապահովել տվյալ արտադրատեսակների օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ արտադրությունն ու վաճառքը՝ ապահովելով մարդկանց, կենդանիների առողջությանը եւ շրջակա միջավայրին հասցվող վնասների կանխարգելումը: Քաղաքականություն մշակող լիազոր մարմնին կտրվի լիազորող նորմ՝ համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառման կատարման նպատակով: Ինչպես նաեւ անասնաբուժական դեղատնային գործունեությունը՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի սահմանումը թույլ կտա ընդունել համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտը՝ կենդանիների հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրման շրջանակներում:

Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:

Leave a Comment