Ազգային հավաքականի 3 մարզիկ կարող է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից

Կառավարության վաղվա նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում ընդգրկված է մարզիկներ՝ Դարիուս Մալիկ Մաքգինի, Ջասթինիան Լուիս Ջեսափիի և Հովհաննես Արտակի Մարգարյանի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հարցը։

Ըստ հիմնավորման՝ Դարիուս Մալիկ Մաքգին և Ջասթինիան Լուիս Ջեսափին ընդգրկված են բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում և նախատեսվում է նրանց մասնակցությունը ուսումնամարզական հավաքներին ու միջազգային մրցումներին։ Հովհաննես Արտակի Մարգարյանը, իր հերթին, նախապատրաստվում է հրաձգության միջազգային մրցաշարերին, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի առաջնություններին մասնակցելու համար։

Կառավարության որոշման նախագծով ակնկալվում է, որ նշված մարզիկների պարտադիր զինվորական ծառայությունից ազատումը կնպաստի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը Հայաստանում, հնարավորություն կտա ազգային հավաքականները համալրել առաջատար մարզիկներով և միջազգային մրցասպարեզներում ապահովել մրցունակ մասնակցություն ու մարզական առաջընթաց։

Leave a Comment