Ինքը այդպես փրկեց Արցախը, որի արդյունքը տեսանք, հիմա էլ փրկում է Հայաստանը, մարդկությանը, եկեղեցին. Խաչիկ Մանուկյան

«Ինքը բնազդորեն կանխատեսում է գալիքը, դրա համար էլ իրեն հռչակել է Փրկչի փրկիչ: Եթե Հիսուսը եկել էր մարդկությանը փրկելու եւ խաչվեց, հետո հարություն առավ, ինքը գալիս է նաեւ Հիսուսին փրկելու՝ մարդկության հետ միասին…Ինքը պետք է կարողանա մեղքերն իր վրա վերցնել, մանավանդ հոգեւորականների այնպիսի խումբ է իր շուրջը հավաքել, որոնք մեղքերի մեջ են թաթախված: Եվ այդ բոլորի մեղքերն իր վրա վերցնելը խաչվել է նշանակում»,- «Հայելի» ակումբում նշեց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն արտահայտությանը, թե ներողություն է խնդրում Հիսուսին մենակ թողնելու համար, եւ նրա նախաձեռնած հակաեկեղեցական արշավին:

«Ինքը այդպես փրկեց Արցախը, որի արդյունքը տեսանք, հիմա էլ փրկում է Հայաստանը, մարդկությանը, եկեղեցին… Եվ արդյունքը պարզ է…Գուցե ինքը սերտել է այն, որ մենք Փյունիկ թռչուն ենք, պատմության մեջ վերացել եւ հառնել ենք քանիցս, եւ հիմա վստահաբար մտածում է՝ ձեզ կվերացնեմ, բայց նորից կհառնեք… Ցավոք, այն վիճակում ենք, որ այն ողբերգությունը, որ ծավալվել է, այլեւս չի ազդում մեզ վրա, որովհետեւ ցավի մի չափ կա, որ այլեւս չես զգում: Այլեւս շատերի համար ընկալելի չէ, որ երկիրը վերանում է»,-նշեց բանաստեղծը:

«Երբ իշխանափոխություն լինի, սրանց դուխով խմբակը հայտնվելու է հայոց արդարադատության առաջ եւ զնդաններում, տեսնելու են, թե իրենց զոմբիապետը ինչ հանցանքներ է գործել: Սրանք, որ խոսում էին կոռուպցիայից, այժմ թաթախված են կոռուպցիայի մեջ…Այն, ինչի դեմ եկել էին պայքարելու, կարողացան ավելի զարգացնել, բացի դրանից բերեցին կորուստ կորստի վրա…

Եթե մենք թույլ ենք տվել, որ սրբազանները մեկուսանան, ուրեմն մենք էլ փրկություն չունենք: Ես զարմանում եմ, որ ընդվզումը տեղի չունեցավ…Սրբազաններին տարել-փակել են, այն սրբազաններին, որոնց մեծ մասը կնքել է ձեր զավակներին, եկեղեցական ծեսերն է իրականացրել, ի վերջո պատմությունից եկած արարչական շունչն են նրանք փոխանցում մեզ, իսկ մենք ուրանում ենք…Այս խմբակը ջնջում է հայոց պատմությունը, կտրում կապերը Սփյուռքի հետ, իրենց միայն փողն է հետաքրքրում…Դուխով գլխարկներով եկան ու ավերեցին երկիրը: Լավ է, գոնե Եռաբլուր չեն գնում…»,-ասում է Խաչիկ Մանուկյանը:

Նա ՔՊ-ին կոչ է անում. «Եթե կարող եք՝ Ալիեւի դեմ խոսեք, իսկ եթե չեք կարողանում՝ հեռացեք, թե չէ միայն ժողովրդի առաջ եք հոխորտում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment