Թեհրանը զգուշացրել է ամերիկյան ռազմաբազաներ ունեցող իր հարևաններին, որ ԱՄՆ հարվածի դեպքում կհարվածի այդ երկրներում տեղակայված բազաներին․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի։
ԱՄՆ որոշ զինծառայողների խորհուրդ է տրվել մինչև չորեքշաբթի երեկոյան լքել Կատարում գտնվող Al Udeid ավիաբազան, որը համարվում է տարածաշրջանում ԱՄՆ գլխավոր ավիաբազաներից մեկը․ Reuters-ին հայտնել է 3 դիվանագետ։
Նրանց խոսքով, սակայն, անցյալ տարի իրանական հրթիռային հարձակումից մի քանի ժամ առաջ նկատված զորքերի լայնածավալ տարհանման նշաններ դեռևս չկան։
Նշվում է, որ ամերիկյան իրավապաշտպան խումբը հայտնել է, որ Իրանում հակակառավարական ցույցերի ընթացքում մոտ 2600 մարդ է սպանվել։ Իրանի վերջին շահի ժառանգ Ռեզա Փահլավին էլ հայտնել է, որ զոհերի թիվը 12.000-ից ավելի է։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս սպառնացել է միջամտել՝ ի պաշտպանություն իրանցի ցուցարարների։