Ստերջացման փոխարեն՝ շների մեծ մասին սատկացրել են, կենդանի վիճակում այրել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանաբնակ կենդանասեր, «ԴՈԳՄԱ» կենդանապաշտպան ՀԿ-ի ղեկավար Գոհար Տեր-Անտոնյանը, որը մի խումբ կենդանասերների հետ տարեվերջին բողոքի ցույց էր անցկացնում Ջաջուռում՝ ՀՀ Գլխավոր դատախազից ու Քննչականի կոմիտեի նախագահից պահանջելով անհապաղ ընթացք տալ իրենց բողոքներին․ վերջ դնել թափառող կենդանիների ստերջացման կլինիկայի անվան տակ գործող անասնագոմի տիրոջ կողմից փողերի լվացմանը, հաղորդում է ներկայացրել ԱԱԾ Շիրակի մարզային վարչություն։

Նա նշել է, որ մոտ 2,5 տարի առաջ Գյումրու քաղաքապետարանի կողմից շների ստերջացման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված Սեդրակ Վիրաբյանը՝ «Կումնի» ՍՊ-ի սեփականատերը, փաստացի ստերջացում չի իրականացրել, փոխարենը Ջաջուռ գյուղում գտնվող շինությունում շներին պահել է հակասանիտարական պայմաններում, մեծ մասին սատկացրել է, նաև կենդանի վիճակում այրել։

Ըստ կենդանասեր տիկնոջ ներկայացված հաղորդման, Սեդրակ Վիրաբյանը պետական ռեգիստրում իր անվամբ գրանցված մի քանի ՍՊԸ-ներով մասնակցել է Հայաստանի տարբեր համայնքներում թափառող կենդանիների ստերջացման համար հայտարարված մրցույթներին, մասնավորապես Աբովյանում մասնակցել է «Նորոգում» ՍՊԸ-ով, Արթիկում «Ադելշին» ՍՊԸ-ով, Հրազդանում «Սոլյարիս» ՍՊԸ-ով։

Մրցույթներում նշված ընկերությունները յուրաքանչյուր շան ստերջացման համար ներկայացրել են նվազագույն գին՝ 15 հազար դրամ և շահել մրցույթը, սակայն, ըստ կենդանասերի բողոքի, նշված գումարով անհնար է իրականացնել ստերջացման աշխատանքներ։

Գոհար Տեր-Անտոնյանն իր ներկայացրած հաղորդման մեջ նաև նշել է, որ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին Կոտայքի մարզի կենդանասերներից տեղեկացել է, որ Սեդրակ Վիրաբյանը իրեն պատկանող «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով Բագրևանդ բնակավայրից ստերջացնելու նպատակով Ջաջուռ է բերել 5 շուն, սակայն դեկտեմբերի 26-ին Ջաջուռում բողոքի ցույց անցկացնող կենդանասերներն այդ շներին այնտեղ չեն հայտնաբերել։

ԱԱԾ-ն Գոհար Տեր-Անտոնյանի առերևույթ հանցանքի մասին հաղորդում ուղարկել է քննչական բաժին, Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 307 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment